«Վարչապետը հանդես է գալիս Մովսեսի դերակատարությամբ». Սոցիոլոգ
«Մենք գտնվում ենք շատ սուր ճգնաժամային վիճակում, և հաջորդ վարչապետը հանդես է գալիս Մովսեսի դերակատարությամբ, որ կարողանա ժողովրդին հանի այս վատ վիճակից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ է վարչապետ Կարեն Կարապետյանը, ըստ «Գելլափ ինթերնեյշնլի» հարցումների՝ վարկանիշով ավելի բարձր նախագահից:
Սոցիոլոգի խոսքով՝ սա հուսալքման, հուսակործանման սիդրոմ է. «Մենք հույս ունենք, որ ինչ-որ մեկը կարող է խնդիրները լուծել, թեպետ նույն վարչապետն ասում է՝ մենք միասին կարող ենք դա անել»:
Ըստ Ա. Ադիբեկյանի՝ այն, որ վարչապետը վարկանիշով գերազանցում է նախագահին, պայմանավորված է ոչ թե նրանով, որ ինչ-որ մի բան է արել, այլ նրանով, որ նա կարող է անել, մարդիկ հույս ունեն, որ կանի:
«Եթե նոր վարչապետը չմտներ ՀՀԿ, մենք կունենայինք իշխանության երկու կենտրոն, իսկ հիմա ունենում ենք մի քաղաքական ազդեցության կենտրոն: Դա դառնում է մի միասնական ուժ, միասին իրենք կարող են դառնալ գերազդեցիկ ուժ ու գուցե կարող են մեզ այս փոսից հանել»,- նշեց սոցիոլոգը: