«Երեկ ես առաջին անգամ Երևանում տեսա 700 դրամանոց բանան, դա երջանկության սկիզբն է». ԱԱԾ պետի նախկին տեղակալ
«Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի երազանքը եղել է ՀՀԿ-ական դառնալը, բայց կարծում եմ՝ սա շատ ճիշտ տակտիկական քայլ էր հետագայի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ այսպես վիճակը շատ ավելի հասկանալի է դառնում, եթե, իհարկե, վերջում Կարեն Կարապետյանին «չխաբեն», «չքցեն», «չշպրտեն»: Գ. Եղիազարյանը համաձայն չէ, որ Կարեն Կարապետյանը դեռ ոչինչ չի արել, ըստ նրա, վարչապետն արդեն սկսել է որոշակի քայլեր անել. «Երեկ ես առաջին անգամ Երևանում տեսա 700 դրամանոց բանան, դա երջանկության սկիզբն է, որովհետև մոնոպոլիստական կապիտալիզմն արդեն աստիճանաբար զիջում է նորմալ կապիտալիզմին: Արդեն ֆիքսում եմ 25 դրամով էժան վառելիք: Ես ուզում եմ այն Հայաստանում ապրեմ, որ ՀՀԿ-ն Հ1-ով ցույց է տալիս: Եթե Կարեն Կարապետյանին չխաբեն, այդ ամենը կլինի»:
Գ. Եղիազարյանը կարծում է, որ «Գելլափ ինթերնեյշնլի» ուսումնասիրությունն էլ ցույց տվեց, որ ժողովուրդը հույսը կապում է մեկ մարդու հետ: Ըստ նրա՝ նախորդ վարչապետին՝ Հովիկ Աբրահամյանին էլ միայն ՀՀԿ-ն ու իշխանությունն էր խանգարում, նրանք էին կազմակերպում տարբեր տիպի «լոկալ ապստամբություններ» վարչապետի դեմ. «Աստված չանի՝ վերջում խաբեն վարչապետին, որովհետև ժողովրդի հույսը կկտրեն, էլի կանցնեն խաբեության, որի հետևանքով գարունը կլինի քաղաքացիական պատերազմ»:
Գ. Եղիազարյանի դիտարկմամբ՝ այն, որ վարչապետը դարձավ ՀՀԿ-ական՝ կուսակցությանը շատ մեծ բան կտա. «Առաջին անգամ կուսակցությունը մարդկային կերպար ձեռք կբերի, կշրջվի դեպի ժողովուրդը, մարդիկ կտեսնեն, որ փորձում են ինչ-որ բան անել: Կուսակցությունը շատ բան շահեց, իսկ Կարեն Կարապետյանը միայն կորցրեց, որովհետև այսօր ՀՀԿ-ական լինելը նշանակում է՝ անցնել վախի սահմանով»: