«Մինչև քաղաքապետարանը որոշում կկայացներ՝ ես արդեն նկարել էի իմ նախընտրած պատերին». ասում է երևանյան street art-դիմանկարների հեղինակը
Փողոցային արվեստի (street art) առաջին փորձերը դեռ 1960- ականներին կատարվեցին օվկիանոսից այն կողմ: Երբ Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի պատերին սկսեցին հայտնվել բողոք ու անհնազանդություն արտահայտող նկարներ, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ այդօրինակ նկարները կդառնան ժամանակակից ստեղծարարական արվեստի ժանր և կներկայացվեն հեղինակավոր ցուցասրահներում:
Քաղաքային բնավորությունն արտահայտող սթրիթ-արթը մի քանի տարի առաջ Երևան էլ հասավ: Միայն թե, բողոքից բացի, մայրաքաղաքային սթրիթ-արթերն «ուսուցողական հաղորդագրություններ» էին պարունակում:
2015 թ.-ից սկսած Հովհաննես Թումանյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Արամ Խաչատրյանի սթրիթարթյան դիմանկարները կարելի է տեսնել մեր քաղաքի տարբեր անկյուններում:
Մեր մեծերի քաղաքային դիմանկարների հեղինակը երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է, ում հետ զրուցեցինք սթրիթ-արթի և փողոցից դեպի արվեստանոց անցման ճանապարհի մասին:
– Սթրիթ-արթով սկսել եք զբաղվել 2015 թվականից: Ինչո՞ ւ ընտրեցիք հենց այս ճյուղը` որպես ինքնարտահայտման հարթակ:
– Ընտրությունը միշտ գալիս է փորձեր անելու ընթացքում: Եվ կա մի պահ, երբ հասկանում ես, որ քո իմացածը չի բավարարում քեզ: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, փորձել եմ հետաքրքրվել ու տեսնել, թե ինչ կարող եմ անել իմ մասնագիտության շրջանակներում, բոլորիս ծանոթ` կտավ, յուղաներկ, թուղթ, մատիտ համադրությունից բացի: Եվ այդպես, Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո, սկսել եմ զբաղվել բուն սփրեյ-արտով (spray art), որի տարբերությունը նյութն է, որով և նկարում ես: Տվյալ դեպքում՝ նկարում ես սփրեյով:
– Քաղաքի տարբեր անկյուններում կարող ենք հանդիպել հայ մեծերի սթրիթարթյան դիմանկարներին, որոնց հեղինակը Դուք եք: Կպատմե՞ք գաղափարի մասին:
– Գաղափարն առաջացել է շատ պատահական: Ես շատ էի ուզում դիմանկարներ նկարել, ու հասարակ մարդկանց նկարելու փոխարեն՝ որոշեցի հայ մեծերին` մեր երկրի լուրջ ներկայացուցիչներին պատկերել: Շարքն անելու ժամանակ հայտնի դառնալու միտք չեմ ունեցել, ուղղակի ցանկացել եմ հետաքրքիր բան անել: Նկարելու ընթացքում արձագանքից, կարծիքներից զգացի, որ մարդկանց դուր էր եկել իմ աշխատանքը: Ու նույնիսկ շարքն ավարտելու ժամանակ, կային մարդիկ, որ ասում էին՝ պետք էր շարունակել, բայց ես որոշեցի, որ չեմ շարունակի: Բոլոր դիմանկարներն էլ նկարել եմ կարճ ժամանակում: Ու քանի որ նկարները փողոցում են, ու եղել են դեպքեր, որ նկարները նաև փչացրել են, նկարել եմ հիմնականում երկու ժամը չգերազանցած, այսինքն՝ շատ արագ:
– Իսկ մինչ ընտրված պատին նկարելը, փորձեր արե՞լ եք:
– Փորձերը եղել են պատի վրա, օրինակ՝ առաջին նկարը Մհեր Մկրտչյանի դիմանկարն էր, արել եմ Նոր Նորքի 4-րդ զանգվածի կիսակառույց շինության պատին:
– Քաղաքային իշխանությունների հետ խնդիրներ չե՞ն եղել:
– Նոր Նորքում նկարելու ժամանակ խնդիր բացարձակ չի եղել, որովհետև լքված շինության պատին էի նկարում, իսկ Կենտրոնում եղել են: Բողոքների պատճառով անգամ քաղաքապետարանում որոշում էին, թե որ շենքի վրա պետք է անեմ, որի վրա չպետք է անեմ: Բայց մինչև այդ որոշումն ընդունելը, ես արդեն որտեղ որ ուզում էի՝ նկարել էի:
– Փողոցային արվեստն ունի նաև կանոններ ու նրբություններ: Դրանցից են, օրինակ` գաղտնիությունը, նախապես ընտրված մեսիջը, չպատվիրված լինելը: Դուք պահպանո՞ւմ եք սթրիթարթյան բոլոր կանոնները:
– Դա մեծ հաշվով կախված է այն թեմայից, որը դու ներկայացնում ես: Եթե վերցնենք «Հայ մեծերը» շարքը, ապա այնտեղ մարդու աչքին հաճելի աշխատանք էր, ավելի հեշտ էր, ընդունելի էր: Այն տեղավորվում էր սթրիթ-արթի ձևաչափի մեջ: Բայց, օրինակ, եթե սոցիալ-քաղաքական ենթատեքստով նկար ես պատկերում, դա արդեն դառնում է գրաֆիտի, այսինքն`կոնկրետ մեսիջով, քաղաքական ենթատեքստով նկար, դու կարող է անգամ չհասցնես վերջացնել, և հետո հասկանալի է, թե ուր հայտնվել: Կանոնները շատ հաճախ խախտվում են: Եվ անկախ ամեն ինչից`համարձակ մարդիկ միշտ էլ անում են ու կանեն:
– Շատ նուրբ սահման կա սթրիթ-արթի ու վանդալիզմի միջև: Ի՞նչ պիտի անի նկարիչը, որ չհատի այդ սահմանը:
– Վանդալիզմը լայն հասկացություն է, և յուրաքանչյուր մարդ այն յուրովի է ընկալում: Իմ ընկալմամբ՝ այն ավելի շատ կախված է տեղից. եթե ճարտարապետական կարևոր նշանակության կառույցի վրա ես նկարում, կամ եթե մետրոյի վագոնների վրա գրում են անուններ, տառեր, թվեր, ապա ինձ համար արդեն վանդալիզմ է:
– Վերջերս` հոկտեմբերի 2-10-ն ընկած հատվածում, Երիտասարդական կայարանում կայացավ Ձեր «Բազմադիմագծեր» խորագրով ցուցահանդեսը:
Պատմեք փողոցից` արվեստանոց Ձեր անցման ճանապարհի մասին:
– Բազմադիմագծերի գաղափարը շատ վաղուց կար իմ մտքում: Էլի նույն ցանկությունն էր. մեծ դիմանկարներ էի ուզում նկարել: Ուղղակի այս անգամ խնդիրը փոքր-ինչ այլ էր: Աշխատանքներիս ոճն էր տարբեր, ավելի հիպերռեալիզմին մոտ էր: Ու շեշտը դրել էի նկարի ծավալի վրա:
Ու կար ասելիք, իսկ ասելիքն էլ հետևյալն էր՝ մարդիկ տարբեր, բայց իրականում շատ նման են: Սա էլ կբացատրեմ՝ մարդիկ իրականում տարբեր են արտաքնապես, բայց հոգով ու հոգու կարիքներով շատ նման են: Բոլորն էլ երջանկություն են փնտրում, սեր` իր բոլոր դրսևորումներով, խաղաղություն:
– Իսկ իրակա՞ն են շարքի հերոսները:
– Ես հերոսներին լուսանկարներով եմ ընտրել: Ինձ անծանոթ մարդիկ էին: Կային նաև հերոսներ, որոնց ես փոփոխել եմ, և ընդհանրապես նման չեն բնօրինակներին: Փորձել եմ հարմարեցնել իմ նյութին, իմ ասելիքին:
– Այս նկարները վաճառելու մտադրություն ունե՞ք:
– Ցուցահանդեսն անելուց առաջ վաճառելու մասին չեմ էլ մտածել: Բայց եթե ինչ-որ մեկը գնելու ցանկություն կունենա՝ ինչո՞ւ ոչ:
– Առաջին ցուցահանդեսին պատրաստվելը հեշտ գործ չէ: Ովքե՞ր էին Ձեր աջակիցները:
– Իրականում ցուցահանդեսին պատրաստվելու ընթացքում շատ հրաշքներ եղան:
Հենց սկզբից ես ուզում էի, որ այն անվճար լիներ: Տարբեր ցուցասրահներում փնտրելուց հետո չէի գտնում ինձ հարմար տարբերակ: Ու երբ մի օր անցնում էի «Երիտասարդական» մետրոյի կողքով՝ մտածեցի, որ շատ հարմար տարբերակ կարող է լինել: Ու հույսս Աստծու հետ էի կապել, հավատում էի, որ ամեն բան պիտի անվճար լինի:
Դիմեցի քաղաքապետարան, որոշ ժամանակ անց ստացա դրական պատասխան: Ինձ տրամադրեցին 10 օր, և բացվեց ցուցահանդեսը: Հրաշք էր նաև այն, որ ներկերը գնել եմ երեք անգամ էժան, լաքն ինձ նվիրել են, արվեստանոցն անվճար էին տրամադրել: Ու շնորհակալ եմ Աստծուն… ես դա խնդրել էի Աստծուց, հույսս իր հետ էի կապել: Հավատացի ու կատարվեց: