Դոկտոր Աքչամը հաստատում է թուրքերի ցեղասպան մտադրությունը՝ ապացուցելով Թալեաթի հեռագրերի վավերականությունը

Պրոֆ. Թաներ Աքչամը լուրջ հարված է հասցրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտումներին խիստ բովանդակալից մի դասախոսության ժամանակ, որը տեղի է ունեցել Արարատ-Էսքիջյան թանգարանի Շին մատուռում (Միշն Հիլզ, Կալիֆորնիա), նոյեմբերի 20-ին: Թուրք պատմաբան դոկտ. Աքչամը Քլարք համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության «Ռոբերտ Արամ և Մարիաննա Գալստյան, և Ստեֆան ու Մարիոն Մուգար» ամբիոնի ղեկավարն է:

Պրոֆ. Աքչամը, վերջերս հրատարակած իր «Նայիմ բեյի հուշերն ու Թալեաթ փաշայի հեռագրերը» գրքում, վերջնականապես տապալեց թուրքական համառ ժխտումները Նայիմ բեյի գոյության և հեռագրերի իսկության վերաբերյալ: Այդ հեռագրերը Նայիմ բեյը վաճառել էր Արամ Անտոնյանին, իսկ վերջինս էլ 1920-ականների սկզբին դրանք հրապարակել էր իր «Մեծ ոճիր» գրքում, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն: Ցեղասպանությունը վերապրած Անտոնյանն առաջին անգամ հանդիպել է օսմանյան պաշտոնյա Նայիմ բեյին 1916 թվականին, Թուրքիայի Մեսքենե համակենտրոնացման ճամբարում, այնուհետև՝ 1918 թվականին, Սիրիայի Հալեպ քաղաքում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթը, 1915 թ. սեպտեմբերի 22-ի նշանակալից հեռագրում հրաման է տվել, «որ հայերի բոլոր իրավունքները Թուրքիայի հողում, ինչպիսիք են ապրելու և աշխատելու իրավունքները, արդեն վերացված են, և ոչ ոք չպետք է [կենդանի] մնա, նույնիսկ մանուկը օրորոցում. կառավարությունն իր վրա է վերցնում է ամբողջ պատասխանատվությունը այս ամենի համար»: Մեկ այլ հեռագրում, ուղղված Հալեպի կուսակալին 1915 թ. սեպտեմբերի 29-ին, Թալեաթը գրել է. «ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքիայում գտնվող բոլոր հայերին վերացնելու և բնաջնջելու որոշում է կայացվել կառավարության կողմից, Կոմիտեի [Միություն և առաջադիմություն] հրամանների հիման վրա…. անկախ բնաջնջման միջոցների զարհուրելի լինելուց և առանց խղճի խայթ զգալու, պետք է վերջ դրվի նրանց գոյությանը՝ առանց հաշվի առնելու կանանց, երեխաներին կամ հաշմանդամներին»:

1983 թվականին Թուրքիայի պատմաբանության ընկերակցությունը հրատարակեց Շինասի Օրելի և Սուրեյա Յուջայի հեղինակած գիրքը՝ պնդելով, որ Անտոնյանի կողմից հրապարակված Թալեաթի հեռագրերը հորինված էին, իսկ Նայիմ բեյ անունով պաշտոնյա երբեք գոյություն չի ունեցել: Օրելն ու Յուջան 12 փաստարկ էին առաջ քաշել, թե ինչու էին հավատում, որ այս փաստաթղթերը կեղծ էին: Չնայած Վահագն Տատրյանը 1986 թ. իր հրապարակման մեջ մանրամասնորեն հերքել էր Օրելին և Յուջային, սակայն որոշ գիտնականներ կասկածանքով էին վերաբերվում Անտոնյանի գրքում առկա նյութերին:

Վերջին տարիներին Օսմանյան արխիվների նյութերի երկարատև և քրտնաջան ուսումնասիրություններից հետո, պրոֆ. Աքչամին հաջողվեց ապացուցել, որ Օրելի և Յուջայի ամբաստանությունները սխալ էին և անհիմն: Պրոֆ. Աքչամը, թուրքերենով հրատարակված իր նոր գրքում և նոյեմբերի 20-ի դասախոսության ժամանակ, հաստատեց.

1) Իրականում եղել է Նայիմ բեյ անունով մի թուրք քաղաքացիական ծառայող: Օսմանյան բնօրինակ արձանագրությունները հաստատում են նրա գոյությունը: Ի դեպ, Թուրքիայի ռազմական արխիվի 2007 թ. հրապարակած 7-րդ հատորում առկա է մի փաստաթուղթ, որը նրան նկարագրում է որպես «Նայիմ էֆենդի, Հուսեյն Նուրի էֆենդու որդի, 26 տարեկան, Սիլիֆքեից, ամուսնացած, հեռագրային պաշտոնյա Մեսքենեում, ներկայումս աշխատում է որպես պաշտոնյա քաղաքի հացահատիկի պահեստում (նոյ. 14-15, 1916 թ.)»: Աքչամը հաստատեց, որ Նայիմի անունով կան երեք այլ օսմանյան փաստաթղթեր, որոնցից երկուսը գտնվում են Փարիզի Պողոս Նուբար գրադարանում:

2) Պրոֆ. Աքչամը հայտարարեց, որ իր ձեռքի տակ է Նայիմ բեյի հուշերի բնագրի պատճենը, գրված ձեռագիր օսմաներենով: Նա այդ հուշերը գտել է հետազոտող հայր Գրիգոր Գերգերյանի արխիվներում, վերջինս լուսանկարել էր Նայիմ բեյի 35-էջանոց ձեռագիրը, երբ այցելել էր Պողոս Նուբար փաշայի գրադարան 1950 թվականին: Այն ժամանակվանից բնօրինակն անհետացել է գրադարանից:

3) Նայիմ բեյի հուշագրերում նկարագրած անձինք և իրադարձությունները փաստերով հիմնավորվում են վերջերս օսմանյան արխիվներից Աքչամի ձեռք բերած նյութերով:

4) Աքչամը կարողացավ հաստատել, որ Օրելի և Յուջայի հիմնական փաստարկները Թալեաթի հեռագրերի զանազան հատկանշական կետերի վերաբերյալ, ներառյալ թղթի տեսակն ու գաղտնագրման տեխնիկան, սխալ էին:

Անտոնյանի գրքում ներառված Թալեաթի հեռագրերի վավերական լինելն ապացուցելու և դրանք կեղծված լինելու մասին թուրքական պնդումները մերկացնելու համար իր գիտական որոնումներում, պրոֆ Աքչամը շատ ավելի կարևոր  բացահայտում արեց:

1915 թ. սեպտեմբերի 22-ի Թալեաթի հեռագիրը հաստատում է, որ թուրք ղեկավարները հրամայել էին բոլոր հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային կոտորածները, և ոչ թե պարզապես նրանց տեղահանումը, ինչպես մեկ դարից ավելի կեղծորեն պնդում են թուրք ժխտողականները: Դոկտ. Աքչամը, հաստատելով այս հեռագրերի վավերականությունը, ցույց տվեց, որ Թալեաթը ունեցել է ոչնչացման ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մի կարևոր հանգամանք հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելու համար՝ համաձայն ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս