Արտաշես Գեղամյանն իր կարծիքն է ներկայացրել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը իր կարծիքն է արտահայտել ՀՀ 2017 պետական բյուջեի նախագծի շուրջ, որն արդեն քննարկումների առաջին փուլն է անցել Ազգային ժողովում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի շուրջ պատգամավորների մտորումներն ամբողջությամբ.
«Նոյեմբերի 17–18ին Ազգային ժողովի ամբիոնից «2017 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հնչեցին խիստ գնահատականներ: Բայց ուզում եմ նշել, որ ավելի խիստ գնահատական է հնչեցրել Հայաստանի Հանրապետության Նախագահ, հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանն իր վերջին հարցազրույցում, այն է՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տրված բացառիկ հարցազրույցում, որը ս.թ. նոյեմբերի 16ին երեկոյան տեղադվել էր Հանրապետության Նախագահի էլեկտրոնային կայքում, իսկ հաջորդ օրը առավոտյան՝ «ՌԻԱ նովոստի» ՌԴ Դաշնային տեղեկատվական գործակալության կայքում:
Շատ լավ էր, որ ՀՀ կառավարության տնտեսական բլոկի ղեկավարներն Ազգային ժողովում էին, և ես նրանց ծանոթացրեցի ՀՀ Նախագահի այդ գնահատականի հետ: «Մեր ցուցանիշները չեն բավարարում ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանի քաղաքացիներին։ Նրանք ավելին են պահանջում, մենք, նույնպես, ավելին ենք ցանկանում։ Ես հուսով եմ և կարծում եմ, որ մենք գնում ենք դրան … », – ասաց ՀՀ Նախագահը: Հիմա որ մենք, իրոք, գնանք դրան, պետք է հասկանանք՝ ի՞նչն է խոչընդոտում մեր երկրի տնտեսական բուռն զարգացմանը, ոչ թե տարեկան 2–3 տոկոս տնտեսական աճ ապահովելուն, այլ՝ բուռն զարգացմանը:
Նոյեմբերի 17-ին հարգարժան պարոն Ջավադյանը ԱԺ-ում ինձ մի տեղեկանք տվեց՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացումները վերջին 8 տարիների ընթացքում»: Ես ուզում եմ այդ տեղեկանքից մի քանի նախադասություն մեջբերել: Այսպես. «Վերջին 8 տարիների ընթացքում բանկային ակտիվները միջինում տարեկան աճել են մոտ 21 տոկոսով, վարկերը՝ 22 տոկոսով, ավանդները՝ 21 տոկոսով (2007 թ. համեմատ այս ցուցանիշները գրեթե հնգապատկվել են)»: Կրկնում եմ՝ ամեն տարի բանկային ակտիվները միջինը 21 տոկոսով աճել են, վարկերը՝ 22 տոկոսով, ավանդները՝ 21 տոկոսով: Սրանք հոյակապ ցուցանիշներ են, տարեկան միջինը՝ 22 տոկոսով, սրանք հետաքրքիր թվեր են: Ասեմ ավելին՝ տեղեկանքում գրված է.
« … Վերջին 8 տարիների ընթացքում տնտեսությանը տրամադրված վարկերում իրավաբանական անձանց տրամադրված վարկերի մասնաբաժինը 47 տոկոսից հասել է 58 տոկոսի»: Սա էլ գերազանց ցուցանիշ է: Սակայն սրա հետ մեկտեղ, երբ մենք նայում ենք օտարերկրյա ներդրումների՝ ուղղակի ներդրումների շարժընթացը՝ դինամիկան, ապա այստեղ տխուր պատկեր է: Այսպես, 2012 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը կազմել է 725,18 մլն դոլար, իսկ 2013 թ.՝ 469,2 մլն դոլար («Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական վիճակը 2014 թ. հունվարփետրվարին», էջ 77):
2014 թ. հունվարդեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը կազմել է 404,3 մլն դոլար, իսկ 2015 թ. հունվարդեկտեմբերին՝ 180,5 մլն դոլար («Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական վիճակը 2016 թ. հունվար փետրվարին», էջ 79): Այսինքն, անցած 4 տարիների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը գնալով նվազել է: Հիմա տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞վ է պայմանավորված այն իրողությունը, որ մեր առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորումը սրընթաց աճում է՝ տարեկան միջինը 22 տոկոս, իսկ դրա հետ մեկտեղ օտարերկրյա ներդրումների հոսքը, ցավոք, շոշափելի անկում է արձանագրում:
Սա գալիս է մեզ հուշելու, որ օտարերկրյա ներդրողները հասկանում են, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսական մոդելում խնդիրներ կան: Իսկ մեր առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերը հիմնականում առևտրային են կամ էլ թե չէ ուղղված են տնտեսության տարբեր ոլորտներում շրջանառու միջոցների ձեռքբերմանը, դրանց արդիականացմանը, ինչպես նաև ոչ նյութական ոլորտ են ուղղվում: Այլ կերպ ասած՝ առևտրային բանկերի տրամադրած վարկերի միայն փոքր տոկոսն է ուղղակի ներդրումների տեսքով մղվում տնտեսության իրական, արտադրական ոլորտ: Ահա սա է իրողությունը:
Հիմա տնտեսությունում առկա այս վիճակը, որը տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվում, հրամայական է դարձնում մեկ հարց՝ վերանայել գործող տնտեսական մոդելը: Գործող տնտեսական մոդելի շրջանակում, այո՛, խստացնելով վարչարարությունը կարելի է տարեկան ՀՆԱ-ի 2–3 տոկոս աճ ապահովել, այո՛, կարելի ստվերայինության կրճատման հաշվին տարեկան 1 տոկոսային կետով ավելացնել ՀՆԱ-հարկային եկամուտներ հարաբերակցությունը: Բայց դա բավարար չէ այսօր, որովհետև այս տեմպերով գնալիս, մենք ցանկալի արդյունքի չենք հասնի:
Այո՛, չենք հասնի: Իսկ կա՞ տնտեսական նոր մոդելի տեսլական: Իհարկե՝ կա: Դա իմ հայտնությո՞ւնն է, իհարկե՝ ոչ՛: Դեռևս 2008 թ. Համաշխարհային բանկի աջակցությամբ մի շարք երկրների կառավարություններ կազմակերպել և անց էին կացրել հետազոտություն, խնդիր ունենալով պարզել, թե ինչի շնորհիվ է, որ վերջին տասնամյակներում առանձին երկրներում արձանագրվել է տնտեսության շեշտակի աճ:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակել էին հեղինակավոր Աճի և զարգացման հանձնաժողովի հայտնի փաստաթղթում՝ «Զեկույց աճի մասին. Կայուն աճի և ինկլյուզիվ զարգացման ռազմավարություններ»:
Այդ զեկույցում վեր է լուծվել և ընդհանրացվել է այն երկրների տնտեսական աճի ու զարգացման ամփոփ փորձը, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը վերջին 30 տարիներին տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների մակարդակին է հասել: Պարզվել է, որ դա այդ երկրներում ինկլյուզիվ տնտեսական մոդելի ներդրման արդյունք է: Մանրամասներ չներկայացնեմ: Այս տարի մայիսի 30-ին հանդես եմ եկել «Հարկավոր է տնտեսական աճի նոր մոդել» հոդվածով, որը տպագրեցին «Իրավունք» թերթը և «Արմենպրեսը»:
Ի լրումն այդ հոդվածի՝ սեպտեմբերի 23-ին «Արմենպրեսը», «Իրավունք»ը և «Հայոց Աշխարհը» տպագրեցին իմ մեկ այլ հոդվածը՝ «Մտորումներ Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մասին» վերնագրով: Այնտեղ մանրամասն բացված է, թե ինչպիսին պետք է լինի տնտեսական նոր մոդելի պատկեր: Ասեմ, որ դա իմ հունարը և հայտնագործությունը չէ, պարզապես ես փորձել եմ տեղայնացնել խնդրո առարկայի վերաբերյալ եղած համաշխարհային փորձը: Ահա, մինչև մեր երկրում տնտեսական նոր մոդել չներդնենք, չենք հասնի այն արդյունքին, որն ակնկալում է մեզնից Հանրապետության Նախագահը, առաջին հերթին նաև Հանրապետական կուսակցության կողմից ձևավորված կառավարությունից:
Եվ եթե ԱԺ-ում բյուջերի նախագծի քննարկման ժամանակ ես քննադատական ելույթ ունեցա, ապա քննադատում էի, որովհետև սեփական պատասխանատվության զգացումն էր իմ մեջ խոսում, որպեսզի վաղըմյուս օրը չասեն՝ բա եթե մտահոգիչ այդ բոլոր երևույթների մասին գիտեիր, ինչո՞ւ չէիր բարձրաձայնում, քմծիծա՞ղ էիր տալիս, թե ներքին գոհունակությո՞ւն էիր ապրում: Ես այս հարցերը ինչո՞ւ եմ սրում. երկրում ստեղծված տնտեսական այս վիճակում ԱԺ-ի ամբիոնից չէր կարելի ասել, որ երեք տարի առաջ որդեգրած դրամավարկային քաղաքականությունն արդարացված էր, հիմա էլ արդարացված է որդեգրած հարկաբյուջետային քաղաքականությունը: Արդարացված է հարկաբյուջետային և դրամավարկային այն քաղաքականությունը, որը հանգեցնում է երկրի տնտեսական աճին:
2007 թ. առ այսօր դոլարային արտահայտությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում էական տնտեսական աճ չի արձանագրվել: Եվ այդ պարագայում ասել, որ երեք տարի առաջ այն քաղաքականությունն էր արդարացված, հիմա էլ այս է արդարացված, անթույլատրելի է: Այսինքն՝ մենք պետք է մեր երկրի էկոնոմիկայի գնահատման չափանիշները նույնպես փոխենք: Եվ ինչքան շուտ դա անենք, այնքան շուտ մենք դուրս կգանք զարգացման ճանապարհ: Միգուցե ես չափից ավելի եմ խտացնում գույները, սակայն դա անում եմ միտումնավոր:
Լավ է մենք խստացնենք ստեղծված տնտեսական իրավիճակի մեր գնահատականը և սխալը մեր մեջ տեսնենք, քան ինքնաարդարանանք՝ ասելով, որ բոլոր ժամանակներում արդարացված տնտեսական քաղաքականություն է վարվել: Արդյունքում էլ մի երկու տարի հետո արձանագրենք, որ, ավա՜ղ, ունենալով երկիրը զարգացնելու համար եզակի հնարավորություն, Հայաստանի Հանրապետության այս էլ երրորդ կառավարությունը դա չօգտագործեց: Ինչո՞ւ եզակի: Շատ պարզ, որովհետև կառավարության ցանկացած նախաձեռնությանը, Ազգային ժողովի մեծամասնությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության, միշտ խրախուսել և կանաչ ճանապարհ է տվել Ձեզ՝ կառավարությանը: Դա կրկնակի պատասխանատվություն է ոչ միայն կառավարության, այլև բոլորիս համար»: