
Արթուր Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը «Հեռուստամարաթոն 2016»-ի շրջանակներում ԱՄՆ-ում են

«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2016»-ին ընդառաջ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այս օրերին գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ին փոխվարչապետ Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը հյուրըկալվել են ԱՄՆ-ում գործող մի շարք խոշոր հայկական հեռուստաընկերություններում, որտեղ մասնավորապես խոսել են Արցախի սոցիալ տնտեսական կյանքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ունեցած կարևոր դերի մասին: Արթուր Աղաբեկյանը իր ելույթներում անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմի թողած հետևանքների և այն հաղթահարելու գործում համահայկական ջանքերի անհրաժեշտության մասին:
Նոյեմբերի 19-ին հանրապետության փոխվարչապետն ու հոգևոր թեմի առաջնորդը հանդիպել են ԱՄՆ Արևմտյան շրջանի Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների վարչական մարմինների ներկայացուցիչների հետ: Փոխվարչապետը բարձր է գնահատել նրանց դերը ինչպես հայապահպանության, այնպես էլ ազգային նշանակության այլ հարցերի լուծման ուղղությամբ կատարվող քայլերում: Կողմերը քննարկել են Արցախի անվտանգությանն ու սոցիալտնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախի զարգացման գործին, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» ծրագրին, որը միտված է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:
Արցախյան պատվիրակության հանդիպումները ԱՄՆ-ում շարունակվում են։ Այս տարի ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին