«Կարիք չկա հիշեցնելու, որ անգամ ամենազարգացած երկրներում առողջապահության ոլորտում ներդրվող միջոցները երբեք շատ չեն լինում». Լևոն Ալթունյան

2017 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառին հատկացվում է 85 միլիարդ 772 միլիոն  դրամ։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ 2016 թվականի համեմատ շեղումը կազմում է  2 միլիարդ 669 միլիոն դրամ կամ երեք տոկոս։

«Կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնելու, որ անգամ ամենազարգացած երկրներում առողջապահության  ոլորտում ներդրվող միջոցները երբեք շատ չեն լինում։ Բյուջետային միջոցների 78 տոկոսը նախատեսված է արտահիվանդանոցային և  հիվանդանոցային ծառայությունների համար։ Արտահիվանդանոցային ծառայությունների համար նախանշվող 14 ծրագրերի համար  նախատեսվում է հատկացնել 27.4 միլիարդ դրամ, հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսվող 17 ծրագրերի համար՝ ավելի քան 39 միլիարդ դրամ։ Անցած տարված համեմատ շեղումը կազմում է 639 միլիոն դրամ կամ 1.6 տոկոս՝ պայմանավորված պահպանման ծախսերի կրճատմամբ և որոշ ծառայությունների ծավալների վերանայմամբ»,- նշեց Լ. Ալթունյանը։

Նախարարն ասաց, որ 2017 թվականին կշարունակվեն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված  զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների աջակցությանն ուղղված ծրագրերը, կշարունակվեն նաև սոցիալական փաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության ծառայությունները. «Սրտի  վիրահատությունների իրականացման ծրագրի համար նախատեսվել է 3 միլիարդ դրամ։ Եղած սուղ միջոցների արդյունավետ կառավարումը պարտադրում  է հիվանդանոցային ծառայություններում ուշադրության կենտրոնում պահել պետական պատվերի իրականացման վերահսկողությունը։ 2017 թվականին կշարունակվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից բխող՝ մարզային առողջապահական համակարգի արդիականացումը և զարգացումը»։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս