Բաժիններ՝

Արքայազն Հարին անձամբ է թիկնապահներ վարձելու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի համար

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին պատրաստվում է անձամբ Սքոթլենդ-Յարդի պաշտոնաթող աշխատակիցներից պահակախումբ վարձել իր սիրեցյալի՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի համար, որը ֆոտոթղթակիցների մեծ ուշադրությունից տհաճություններ է ունենում իրենց հարաբերությունների սկսվելուց ի վեր: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտնել է Evening Standard թերթը:

Բանն այն է, որ 35-ամյա Մարքլին թղթակիցներն արդեն նկատել են Քենսինգթոնյան պալատի դարպասների մոտ, որտեղ ապրում է Հարին. նա նաեւ պապարացիների տեսադաշտում էր հայտնվել, երբ գնումներ էր կատարում թագավորական ընտանիքի նստավայրից ոչ հեռու գտնվող խանութներում: Թղթակիցները դերասանուհուն հետապնդում են նաեւ նրա հայրենիքում՝ ԱՄՆ-ում:

Հրատարակության տեղեկացված աղբյուրը հաստատել է, որ արքայազնի երկյուղների կապակցությամբ «բանակցություններ են սկսվել այդ հարցի շուրջ»: Արքայազն Հարին անցած շաբաթ հայտարարել է, որ անհանգստանում է իր նոր սիրեցյալի՝ Մեգան Մարքլի անվտանգության համար, որը բախվել է իր հասցեին հնչող վիրավորանքների ալիքին եւ տանջվում է ֆոտոթղթակիցների հետապնդումներից: Այդ մասին ասված է Քենսինգթոնյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որը պաշտոնապես հաստատել է բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի եւ ԱՄՆ-ից 35-ամյա դերասանուհու միջեւ հարաբերությունների առկայությունը:

Հարին ասել է, թե «խորապես հիասթափված է այն բանից, որ չի կարող պաշտպանել նրան», ընդգծելով, որ ամերիկացի դերասանուհու մայրը բախվել է «թղթակիցների եւ լուսանկարիչների կողմից անօրինականորեն իր տուն թափանցելու փորձերին»:

Արքայազն Հարին 2004 թվականից մինչեւ 2009 թվականը հինգ տարի հանդիպել է Չելսի Դեյվի հետ: Նրանց բաժանվելուց հետո բրիտանական գահի ժառանգորդների շարքում հինգերորդը համարվող արքայազնը 2012 թվականին սկսեց հարաբերություններ հաստատել անգլիացի դերասանուհի Քրեսիդ Բոնասի հետ, սակայն 2014 թվականին նրանք դադարեցրեցին կապը: Վերջին շաբաթներին բրիտանական եւ ամերիկյան մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ 32-ամյա Հարին այս տարվա օգոստոսից սկսել է հանդիպել Մեգան Մարքլի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս