«Հատուկ, միտումնավոր շեղում է կատարվում, որ մենք այնտեղ եսիմինչ ծախսեր ենք արել». Արթուր Ջավադյանը` ԿԲ Դիլիջանի կենտրոնի ծախսերի մասին
«Մեր կապիտալ ներդրումները որևէ ձևով չեն առնչվում բյուջեի հետ, ոչ էլ մեր ծախսերի և եկամուտների հետ: Մեր կապիտալ ներդրումներն ընդամենն էմիսիա են Կենտրոնական բանկի անունից, և դա միակ բանն է, որ աջակցում է կենտրոնական աճին: Թյուրիմացության մեջ են գցում տարբեր մարդիկ՝ տարբեր նկատառումներից ելնելով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` խոսելով ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի մասին:
Նա լրագրողներին հրավիրեց կենտրոն, որտեղ, նրա խոսքով՝ կան 170-ից ավելի աշխատակիցներ, արվել են 60-ից ավելի կլոր սեղաններ, սեմինարներ, համաժողովներ, հրավիրվել են աշխարհի գրեթե բոլոր բարձրանուն բուհերից պրոֆեսորներ. «Մենք այս պահին ունենք 20 ինտերն: Ունե՞նք որևէ կառույց Հայաստանի Հանրապետությունում, որտեղ կա Հարվարդից, Սթենֆորդից ու Կոլումբիայից ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներ: Չունենք»:
168.am-ի հարցին, թե արդյոք այդ կենտրոնը ՊՈԱԿ չէ՞, Ա.Ջավադյանը պատասխանեց. «Դա ՊՈԱԿ չի, որևէ կապ չունի պետական միջոցների հետ, որևէ կապ չունի բյուջետային ծախսերի հետ, որևէ լումա չի օգտագործվել դրա վրա: Հատուկ, միտումնավոր շեղում է կատարվում, որ մենք այնտեղ եսիմինչ ծախսեր ենք արել: Ո՛չ, ՀՀ որևէ քաղաքացու գրպանից վերցված փող չի, որևէ մեր քաղաքացու ուսերին բեռ չի»: