«Խոսում եք «Մարտիկ» հիմնադրամից՝ առանց խորանալու, որ այդ գումարն անձեռնմխելի գումար է». Արտակ Զաքարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
«Այս նախագիծը մեր հասարակության պատասխանն է բոլոր այն ընտանիքներին, որ ՀՀ պաշտպանության և անվտանգության պահպանման գործում տվել են ամենաթանկը՝ կյանքը և առողջությունը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Ա. Զաքարյանը համոզված է, որ Պաշտպանության նախարարությունն այս քննարկման արդյունքում դուրս բերելով բոլոր ռացիոնալ քննարկումները, քննդատությունները՝ պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի նաև բանակի, զինվորականության և անվտանգության համակարգերի նկատմամբ գոյություն ունեցող տեղեկատվական հոսքերին։ Նրա խոսքով՝ տեղեկատվական պատերազմները մեզանում ստանում են շատ լուրջ, խորքային նշանակություն, և պետք է թույլ չտալ, որ դրանում մեր բանակն ու անվտանգությունը տուժի։
«Երբ հարց են բարձրացնում Լեհաստանում, լեհական քաղաքներից մեկում որսորդական խանութում հայտնված մեկ նմուշի մասին, ապա պետք է նաև հետաքրքրվել և իմանալ, որ դրա համար մենք ունենք նաև Լեհաստանի դատախազության պաշտոնական պատասխանը, որ ոչ վաճառք է եղել, ոչ էլ գին է ունեցել այդ նմուշը։ Արդյոք իմաստ ունի՞ նմանատիպ պոպուլիստական հայտարարություններ անելով՝ տեղեկատվական դաշտում բերենք որոշակի հոսքեր։ Մեր հասարակությունը շատ մեծ վստահություն և հենարան է համարում մեր բանակը, ևս մեկ անպատասխանատու և չճշտված հայտարարությունների հիման վրա մենք միջավայր ենք ձևավորում»,- հայտարարեց Ա. Զաքարյանը։
Նա նաև անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կողմից հնչեցված «Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ հարցին՝ ասելով. «Խոսում եք «Մարտիկ» հիմնադրամից՝ առանց խորանալու հիմնադրամի, նրա կառուցվածքի և նրա առջև դրված խնդիրների մասին, որ այդ գումարն անձեռնմխելի գումար է և տեղադրված է համապատասխան հաշվեհամարներին, առանց խորնալու, որ դրա տոկոսագումարներից իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, իսկ դա ճշտելը շատ հեշտ է։ Մինչև այստեղ հայտարարություններ անելը, հարցեր բարձրացնելը, ուղղակի պետք է ճշտել, հետո անել հայտարարություններ»։