«Ես չգիտեմ, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը». Պաշտպանության նախարար
«Դուք տեղյա՞կ եք՝ ինչ եղան «Մարտիկ» հիմնադրամում կուտակած գումարները, որոնք տնօրինում էր դաշնակցական, ԼՂՀ փոխվարչապետը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նման հարցով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին դիմեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
«Ապրիլյան դեպքերից հետո Ազգային ժողովի աշխատակազմը նախաձեռնեց ու առ այսօր ողջ աշխատակազմի և պատգամավորների գերակշիռ մեծամասնությունից նվազագույնը մեկ տոկոս աշխատավարձի գումար է գանձվում, դուք գիտե՞ք՝ այդ գումարներն ի՞նչ նպատակների համար են ծախսվել, ես չգիտեմ։ Երրորդ հարցը՝ իսկապե՞ս 50 միլիոն դրամ դուք նախատեսել եք հունվարի 28-ի համերգի համար»,- դիմելով նախարարին՝ հարցրեց Ն. Զոհրաբյանը։
Ի պատասխան՝ Վ. Սարգսյանն ասաց, որ մենք ունեցել ենք հաջող և անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր. «Ես չեմ կարող հիմա մեկնաբանել դրանցից յուրաքանչյուրն ու առանձինը, կարծում եմ, որ մեր օրենսդրությամբ կարելի է պահանջել՝ ցանկացած հիմնադրամից հաշվետվություն իր կատարած աշխատանքի համար»։
Նախարարը նկատեց, որ այս օրերին շատ խոսվեց, թե ինչո՞ւ բոլորը 1000 դրամ, չէ՞ որ, կան մարդիկ, որ ավել են վաստակում, կան, որ պակաս են վաստակում. «Մենք ունենք իրավիճակ, երբ սահմանում ենք նվազագույն հազար դրամ շեմը, և հետո հիմնադրամի աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որ յուրաքանչյուրը կարողանա վճարել ավելին, եթե ցանկություն ունի։ Եթե տոկոսայինով դնեինք, որևէ մեկը, որ վաստակում է, ասենք, 300 հազար դրամ, բայց ունի 7 հոգանոց ընտանիք ու նրա միակ կերակրողն է, նրա համար կստեղծեինք շատ ավելի բարդ պայմաններ, քան ավելի քիչ վաստակողի համար, ով ընտանիքում ավելի մեծ գումարային եկամուտ ունի։ Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ւր են գնացել ձեր գումարները, ճիշտն ասած, բացարձակ տեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ ԱԺ և՛ պատգամավորները, և՛ աշխատակազմն այդքան ուժ և իրավագիտություն ունեն այդ հարցը տալ նրան, ով հավաքել է այդ գումարները, բայց ես վստահ եմ, որ այն ծառայել է իր նպատակին»։
Ն. Զոհրաբյանը կրկին հետաքրքրվեց, թե ո՞ւր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները, և արդյո՞ք համերգի համար 50 միլիոն դրամ են հատկացնելու։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հիմնադրամի մասին ինֆորմացիան կարելի է օրենսդրությամբ պահանջել հիմնադրամից. «Ես չգիտեմ, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը, կարող եմ ևս հետաքրքրվել։ Համերգի մասով, ո՛չ, խոսքը վերաբերել է 2016 թվականի հունվարի 28-ին տեղի ունեցած համերգին»։