«Մենք ունենք շատ աղջիկներ, հստակ որոշել են, որ լինելու են Զինված ուժերում». փոխգնդապետ Նարինե Կարապետյան
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանը կարծում է, որ կանանց դերը Զինված ուժերում շատ մեծ է:
«Մենք ունենք շատ աղջիկներ, որոնք ընդունվել են ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ, հստակ որոշել են, որ լինելու են Զինված ուժերում և կատարելու են իրենց խնդիրները, այդ թվում՝ նաև հրամանատարական պաշտոններում: Եթե մենք ունենանք զինվորական կրթություն ստացած կին աշխատող, որևէ խոչընդոտ չենք տեսնի, որ նա զինվորական բոլոր գործողությունները իրականացնի»,- Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում կազմակերպված «Կանայք զինված ուժերում» թեմայովաշխատաժողովին ընդառաջ լրագրողների հետ զրույցում ասաց փոխգնդապետը:
Հարցին, թե արդյո՞ք գոհ է ԶՈՒ-ում կանանց ներգրավվածության մակարդակից, Նարինե Կարապետյանը պատասխանեց.
«Մենք ակնկալում ենք ավելին, դրա համար պետք է շատ աշխատանք տարվի եւ՛ օրենսդրական դաշտում, եւ՛ մտածելակերպը փոխելու հարցում: Ելնելով այն հանգամանքից, որ կանանց ծառայությունը Զինված ուժերում պարտադիր չէ, այլ պայմանագրային, բոլորը, ովքեր դիմել են, համակարգում աշխատելու ցանկություն են հայտնել, միաժամանակ իրենց մասնագիտական հատկանիշներով համապատասխանել են անհրաժեշտ կադրերի համար, ընդգրկվել են համակարգում»: