
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Էջմիածին

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարճատև այցով ժամանել է Հայաստան։ Նա իր այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանատանը և հանդիպելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը։ «Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան։ Ինչպես բազում այլ եկեղեցակններ, ինքն էլ ժամանել է Էջմիածին։ Մասնավոր ոչ մի նպատակ այցը չի հետապնդում»,-ասաց քահանա Մելիքյանը։
Հունիսի սկզբին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ հայտնելով, թե «վշտացած է Բունդեսթագում բանաձևի ընդունման կապակցությամբ», և Թուրքիայի հայ համայնքի անունից ափսոսանք հայտնելով գերմանացի օրենսդիրների որոշման համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն ասաց, որ ինչպես Արամ Սրբազանը, այնպես էլ Մայր Աթոռը, ժամանակին ներկայացրել են, թե որոնք են եղել իր այդ նամակի պատճառները:
Տեր Վահրամի խոսքերով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է Մայր աթոռի համար մնալ հայ եկեղեցու սպասավոր: