
Բրիտանական ընկերությունները Brexit-ից հետո ներդրումները կրճատել են 82 մլրդ դոլարով

Մեծ Բրիտանիայի ընկերությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու որոշումից հետո հետաձգել կամ ընդհանրապես հրաժարվել են 65,5 մլրդ ֆունտ ստեռլինգ (82 մլրդ դոլար) գումարի ներդրումներից: Այս մասին հայտնել է The National հրատարակությունը՝ վկայակոչելով այն հետազոտութ յունը, որն անցկացվել է Տնտեսական եւ գործնական ուսումնասիրությունների կենտրոնի (CEBR) եւ Hitachi Capital UK-ի կողմից:
Ներդրումների կրճատման մասին հայտնել են բրիտանական խոշոր ֆիրմաների 42 տոկոսը, միջին չափի ընկերությունների 44 տոկոսը եւ ոչ մեծ ձեռնարկությունների 32 տոկոսը: Տնտեսության սեկտորների թվում ներդրումների առավելագույն անկում է դիտվել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցական հատվածում:
Ընկերությունների մեծամասնությունը նշել է, որ կապիտալ ներդրումների նվազումը պայմանավորված է այն պատճառներով, որոնք կապված են Brexit-ի հետ` գլխավորապես ֆունտի փոխարժեքի նվազման եւ գնաճային ճնշման ուժեղացման հետ:
Հետազոտությանը մասնակցել են հազարից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ, հարցումը կատարվել Է հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: