«Թրամփը խոստացել է Թրամփ մնալ». Politico
Նախկին ռեալիթի շոուի աստղ, միլիարդատեր, ներկայումս արդեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 17-ամսյա նախագահական քարոզարշավից հետո, առաջ անցնելով իր բոլոր մրցակիցներից, կմնա այն նույն մարդը, որին բոլորը սովոր էին տեսնել էկրաններից՝ մշտապես չափազանցնող, բռնկուն, վախեցնող, ընդհանրացնող, գրում է Politico-ն։
Պարբերականի հոդվածագիր Էլի Սթոքոլսի կարծիքով՝ ներկայումս ոչ ոք չգիտի, թե ինչ սպասել Օվալաձև սրահում Թրամփի նախագահության առաջին 100 օրվա ընթացքում։
Նրա մասնակցությունը «60 րոպե» հաղորդմանը նույնպես չօգնեց գտնել այդ հարցի պատասխանը։ Նախկինի պես պարզ չէ նրա դիրքորոշումը ՀԴԲ-ի հետաքննության առնչությամբ, որը վերաբերում է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստին։
Միաժամանակ, նշվում է, որ այլ հարցերում Թրամփը իրեն հավատարիմ է՝ նա նախկինի պես ակտիվորեն օգտվում է սոցցանցերից։ Նրա մոտեցումը Twitter-ին արտացոլում է «քաղաքականության նրա ոճը»՝ ամեն ինչ բաց է քննարկումների համար։
Նրա վարքագիծն ու հռետորաբանությունը, հավանաբար, կմնան նույնքան «փոփոխական», որքան նրա գաղափարական համակրանքները, որոնք կախված են իրավիճակից և դերից, որը Թրամփը փորձում է խաղալ, նշում է պարբերականը։
Պատասխանելով ԱՄՆ նախագահական քարոզարշավի ընթացքում իր «բռնկուն» ելույթների մասին հարցին՝ Թրամփը պնդել է, որ նման մոտեցումը եղել է ռազմավարական։
«Երբեմն մեզ անհրաժեշտ է որոշակի հռետորաբանություն մարդկանց մոտիվացնելու համար։ Ես չէի ցանկանում թվալ ավելի համակրելի, քան սովորական մարդը»,- հայտարարել է նա։