Պայմանագրային զինծառայողներն այսուհետ ծխախոտի փոխարեն դրամական փոխհատուցում կստանան

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի համար մի փոքր անհասկանալի է, որ պայմանագրային զինծառայողներից էլ են գանձվելու զինծառայողների փոխհատուցման գումարները։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Նիստի ընթացքում Է. Վարդանյանը, դիմելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, բարձրացրեց նաև այն զինծառայողների հարցը, որոնք սպանվում են ոչ մարտական գործողությունների ժամանակ. «Կարծում եմ՝ ոչ մարտական  գործողությունների ժամանակ սպանված զինածառայողներին էլ պետք է ընդգրկել այդտեղ, որովհետև  ծնողներն ուղարկում են երեխաներին զինծառայության, ու ընտանիքի համար կարևոր չէ՝ որդին սպանվել է մարտական գործողությունների ժամանա՞կ, թե՞ ներքին վարքագծի կանոնների խախտման հետևանքով»։

Ի պատասխան՝ Վ. Սարգսյանն ասաց, որ որպես պաշտպանության նախարար՝ իր համար  շատ հարմար կլիներ ասել, որ պայմանագրային զինծառայողներն էլ պետք է չվճարեն. «Բայց պայմանագրային զինածառայողը ստանում է միջին աշխատավարձ և 1000 դրամով մասնակցում է իր կյանքի և առողջության ապահովագրմանը։ Սա մի երևույթ է, որն աշխարհի բազմաթիվ բանակներում կա։ Պայմանագրային զինածառայողների համար մի խնդիր արդեն լուծել ենք, առաջիկա օրերին ուժի մեջ կմտնի։ Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում պայմանագրային զինծառայողների համար և  յուրաքանչյուր օր մարտական հերթապահությունն իրականացնելիս՝ մի տուփ նույն ծխախոտից բոլորին տալիս էր։ Ես առաջարկեցի գործընկերներիս, ու մենք որոշեցինք, որ դա փոխհատուցենք դրամական տեսքով՝ հաշվի առնելով, որ կան չծխող  պայմանագրային զինծառայողներ»։

Անդրադառնալով ոչ մարտական գործողությունների ժամանակ սպանված զինծառայողների խնդրին՝ Վ. Սարգսյանը հստակեցրեց, որ օրինագծով խոսքը միայն մարտական գործողությունների մասին չէ, այլ նաև մարտական հերթապահություն իրականացնելիս կամ հատուկ հանձնարարություն կատարելիս. «Խոսքը վերաբերում է  այն խմբերին, որոնք  ուղիղ հակառակորդի հետ շփման մեջ կարող են վտանգվել։ Այն, ինչ Դուք եք առաջարկում, դա ավելի սոցիալական քաղաքականություն է։ Ոչ մարտական գործողությունների ընթացքում սպանված զինծառայողը բոլորովին այլ կարգավիճակ ունի, դա կարող է կապված լինել բազմաթիվ այլ հանգամանքներին հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930