Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո պատրիարքի ընտրության հարցում իր առաջարկներն ունի
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուներից է, համոզված է, որ պատրիարքի ընտրության գործընթացը պետք է իրականացվի ավելի հարմար պայմանների ներքո: Այս մասին Բեքչյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
«Անցյալի սխալները և անընդունելի դիրքորոշումները պետք է մոռացվեն»,- նշել է նա: Արքեպիսկոպոսն առաջարկել է ընտրությունների համար Թուրքիայի իշխանություններին ներկայացվելիք դիմումի ժամանակ կցել նոր ուղեցույց, որով կկարգավորվի ընտրական գործընթացը, և որը համապատասխան կլինի ավանդույթներին: Բեքչյանն առաջարկել է նաև պատրիարքի չորս թեկնածուներին հանդիպել մտքերի փոխանակության համար: «Այս առաջարկը ցանկանում եմ ձեր միջոցով փոխանցել Արամ Աթեշյանին: Քանի որ գտնում եմ, որ պատրիարքակ ան ընտրությունները հաջողությամբ պսակելը մեր բոլորի ցանկությունն է: Կարծում եմ, որ բարօրության ու ներդաշնակության հնարավոր է հասնել միայն այս ճանապարհով»,- նշել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը:
Անդրադառնալով պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու խնդրին` Բեքչյանն ասել է. «Թեկնածությանս մասին բազմիցս գրել եմ, որպես Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորական` պատրիարքական ընտրություններում իմ թեկնածությունը պահպանվում է»: