«Թրամփի առաջին կինը հույս ունի դառնալ Չեխիայում ԱՄՆ-ի դեսպան». New York Post

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած հանրապետական Դոնալդ Թրամփի առաջին կինը կցանկանար դառնալ ԱՄՆ-ի դեսպանը Չեխիայի Հանրապետությունում: Այս մասին 67-ամյա Իվանա Թրամփը հայտարարել է նոյեմբերի 13-ին New York Post թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ես ինձ կառաջարկեմ Չեխիայի Հանրապետությունում դեսպանի պաշտոնի համար»,- ասել է նա: Իվանա  Թրամփը հիշեցրել է, որ ծնվել է Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունում, տիրապետում է չեխերենին եւ երկրում լայն կապեր ունի:

«Ես բավականին հայտնի եմ ամբողջ աշխարհում, ոչ միայն Ամերիկայում: Գրել եմ երեք գիրք, դրանք 25 լեզուներով թարգմանված են 40 երկրներում,- հայտնել Է միլիարդատիրոջ նախկին կինը:- Ես հայտնի եմ Իվանա անվամբ: Իրականում Թրամփ ազգանվան կարիքը չունեմ»:

Թրամփն Իվանա Զելնիչկովայի հետ ամուսնացել է 1977 թվականին, նրանք ունեցել են երեք երեխա, 1992 թվականին հայտնել են ապահարզանի մասին: Գործարարի երկրորդ կինն է դարձել դերասանուհի Մառլա Մեյփլզը, նրանք ամուսնացած են եղել 1993-ից մինչեւ 1999 թվականը: 2005 թվականին միլիարդատերն ամուսնացել է Մելանյա Թրամփի հետ, որն ԱՄՆ է տեղափոխվել Սլովենիայից:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը ողջունել է Չեխիայում Իվանա Թրամփի՝ ԱՄՆ-ի դեսպան նշանակվելու հնարավորությունը: «Դա հիանալի ընտրություն կլիներ»,- գրել է նա Twitter միկրոբլոգների ցանցի Էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս