«Այն պետք է լուծվի միգուցե անգամ ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է փոխհատուցման մասին օրենքի նախագծով». Լևոն Զուրաբյան
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց սկզբում քննարկել զինծառայողների փոխհատուցման հետ կապված հարցը, հետո անդրադառնալ պետական բյուջեի նախագծին։
«Առաջարկում եմ, որ մենք վերանայենք այդ հաջորդականությունը և սկզբից քննարկենք բյուջեն ու հետո անդրադառնանք այդ երկրորդ հարցին, որովհետև մեր խորին համոզմամբ՝ այդ բոլոր հարցերը կարող են լուծվել պետական բյուջեի շրջանակներում։ Այո, փոխհատուցման հարցը մեր պետության առաջնային պարտավորությունն է, և այն պետք է լուծվի միգուցե անգամ ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է փոխհատուցման մասին օրենքի նախագծով, և մենք դրա կողմնակիցն ենք, համարում ենք, որ դա պետք է անպայման արվի, բայց դա կարելի է անել ոչ թե լրացուցիչ հարկատեսակներ մտցնելու միջոցով, այլ բյուջեի ծախսերի միջոցով։ Վստահ եմ, որ կարելի է գտնել միջոցներ այդ հարցերի լուծման համար, իսկ այսպես ստացվում է, որ մենք ուղղակի փորձում ենք խաղալ ժողովրդի զգացմունքների վրա և լրացուցիչ հարկատեսակներ սահմանել այդ քողածածկույթի ներքո, դա շատ ցինիկ ու վտանգավոր մոտեցում է»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ նման խնդիրների մասին կարելի էր նախօրոք խորհրդակցությունների ժամանակ խոսել. «Անհրաժեշտ է դրանց մասնակցել ու այնտեղ առաջարկել»։