«Այդ մարդկանց անունները տարեք ուրիշ տեղ տվեք, բայց ոչ՝ Ազգային ժողովում». Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին

«Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացված մի օրինագիծ, որով հարկային բեռն ավելանալու է մեր քաղաքացիների համար»,- այսօր Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրինագծով քաղաքացիներն իրենց աշխատավարձից ամսական 1000 դրամ կվճարեն հատուկ այդ նպատակով ստեղծվող հիմնադրամին, որը կմիավորի և՛ պետությունից, և՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները: Նվազագույն աշխատավարձ ստացողները վճարումներ չեն անի։

Զ. Փոստանջյանի խոսքով՝ հասկանալի է, որ այս հարկային բեռն ավելացվում է նախընտրական շրջանում. «Ապօրինի  գործող իշխանություններին անհրաժեշտ է լրացուցիչ բյուջե, և Սերժ Սարգսյանը փորձելու է նման ապօրինի քայլով  հավաքել այդ բյուջեն։ Միանշանակ է, որ հանրությունն այս քայլը չի ողջունում, դատապարտում է, հետևաբար՝ այս օրինագիծը պետք է չարժանանա ԱԺ-ի հավանությանը, ու պետք է դեմ քվեարկել այս նախագծին։ Կոչ եմ անում դեմ քվեարկել գոնե այս պահին՝ համերաշխություն ունենալով  մեր հանրության հետ, քանի որ հանրությունը համաձայն չէ դրան։ Հերիք է զբաղվել մուրացկանությամբ, այն էլ՝ 1000 դրամ մուրալ մեր ժողովրդից»։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հիշեցրեց, որ այս օրինագիծը քննարկվել է տարբեր քաղաքական ուժերի մոտ, ընդ որում՝ նաև ՀՀԿ-ի. «Մենք ընդունել ենք, սա հատուցում է, այն խնդիրները, որ Դուք մտածում եք, որ ինչ-որ մարդիկ են եղել, որ դրանց փողերը կարելի է հավաքել, բերել, այդ մարդկանց անունները տարեք ուրիշ տեղ տվեք, բայց ոչ՝ Ազգային ժողովում։ Սա ամենակարևոր նախագիծն է, սրանով մեկ անգամ ամբողջ ժողովորդը ցույց է տալիս իր միասնական գաղափարախոսությունը բանակի, զինված ուժերի նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս