Բաքու մեկնած Սյուզան Ջաղինյանը Հայաստանի կրթության նախկին նախարարի դո՞ւստրն է
Մի քանի օր առաջ Վրաստանով Բաքու ժամանած երրորդ հայը՝ Սյուզան Ջաղինյանը, ով, համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների, մասնակցել է «Հայ-ադրբեջանական հակամարտություն. կարգավորման հիմնական արգելքները և հեռանկարները. հայացք դեպի Հայաստան և Ադրբեջան» թեմայով կոնֆերանսին, Հաքքին.ազ կայքին ասել է, որ իր հայրը կարճ ժամանակով՝ վեց ամիս, զբաղեցրել է Հայաստանի կրթության նախարարի պաշտոնը:
Ջաղինյանը չի նշել հոր անունը: 1995-1996 թվականներին Հայաստանի կրթության նախարարը եղել է Արմենակ Ղազարյանը, որին փոխարինել է Վարդգես Գնունին: Վերջինիս նույն տարում՝ 1996-ին, փոխարինել է Արտաշես Պետրոսյանը և պաշտոնին մնացել մինչև 1998 թվականը:
Ադրբեջանական լրատվամիջոցները Ջաղինյանին ներկայացնում են որպես լրագրողի և հասարակական գործչի: Ջաղինյանը վերջերս դիմել էր Ադրբեջանին` հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից: Ավելի վաղ նա Հայաստանի իշխանություններին մեղադրել էր իր հետ տեղի ունեցող անարդարությունների մեջ:
Բաքու ժամանած մյուս երկու հայերը Շվեդիայում և Ուկրաինայում բնակվող Վահե Ավետյանըև Վահան Մարտիրոսյանն են: Ավետյանին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես վտարանդի իրավապաշտպան, իսկ Մարտիրոսյանին՝ իրավապաշտպան, լրագրող և Հաքքին.ազ կայքի սեփական թղթակից:
Սյուզան Ջաղինյանը Բաքվում մամուլի ասուլիս է տվել և մեղադրել Սերժ Սարգսյանի վարչակարգին` իր իրավունքները ոտնահարելու մեջ, իսկ իր այցը Ադրբեջան «Սերժ Սարգսյանի ռեժիմին ուղղված ապտակ» է որակել: Նա քննադատել է Ռոբերտ Քոչարյանին, ով Սերժ Սարգսյանի հետ միասին հալածել է հայ ժողովրդին: Բաքվի կոնֆերանսի իր ելույթում Ջաղինյանը ասել է, որ «արցախյան հիմնախնդիրը Հայաստանին ոչինչ չի տվել, բացի այն օկուպանտներից, ովքեր Երևանում եկել են իշխանության»: Նա ասել է, որ վերադառնալու է Հայաստան:
Հայկական ժամանակը գրում է, որ 49-ամյա Սյուզան Ջաղինյանը, նախկինում դատապարտված է եղել: 2013-ին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ջաղինյանին ու դատապարտել 40 օր կալանքի, ապա կիրառել է պայմանական դատապարտություն եւ սահմանել 1 տարի փորձաշրջան՝ նրան մեղադրելով ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար: Պատճառը եղել է այն, որ Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Հրազդան քաղաքի իր բնակարանից, իր օգտագործած բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին՝ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն:
«Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»,- հաղորդել էր նա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել: Իսկ այդպիսի հաղորդում տալու պատճառը, ըստ Ջաղինյանի, եղել է այն, որ նման եղանակով ցանկացել է բարձրաձայնել իրեն հուզող եւ չլուծված մի շարք խնդիրներ: