Մանրամասներ՝ Հերացի փողոցում բենզալցակայանի հրդեհի դեպքի մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Երևանի Հերացի փողոցում՝ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանում նոյեմբերի 12-ին` ժամը 10.08-ին, տեղի է ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքների վերաբերյալ: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերացի փողոցի թիվ 2/5 հասցում՝ «CPS» բենզալցակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին:
Այրվել է բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ):
Տարբեր աստիճանի այրվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» է հոսպիտալացվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Թ.-ը, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Իսկ բենզալցակայանի աշխատակից Զ. Ա.-ը (ծնվ. 2000թ.) դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: