«Եթե իրենք մաքուր անցյալ չունեն, ու պիտի ասեն՝ դե լավ, հոպա՛ր ջան, դա ի՞նչ ընդդիմություն». Վահրամ Բաղդասարյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքում է, որ իրեն ժամանակ է տրվել Վանաձորի ավագանիում ստեղծված ճգնաժամը լուծելու համար։

– Ընդդիմությունը փորձում էր համախմբվել ու պայքարել իշխանությունների դեմ մի քանի տարի առաջ, բայց 2015-ի փետրվարին իշխանությունները ոչնչացրին այն՝ Գագիկ Ծառուկյանին հեռացնելով դաշտից:

– Եթե ընդդիմությունն այնպիսի է, որ պետք է իշխանությունը նրան թելադրի կամ թույլ տա պայքարել, ավելի լավ է չլինի այդպիսի ընդդիմություն: Եթե իրենք մաքուր անցյալ չունեն, ու պիտի ասեն՝ դե լավ, հոպա՛ր ջան, դա ի՞նչ ընդդիմություն: Ընդդիմությունը պետք է ոչ թե հայհոյի, այլև լինի կառուցողական, պետք է դրականը տեսնի, իսկ բացասականի դեպքում իշխանություններին ստիպի իր հետ հաշվի նստել, կատարել բարեփոխումներ։ Եվ ոչ թե խաղեր տա ու սպասի, թե երբ ենթարկվի իշխանություններին։ Հիմա ով կարողանում է բարձր հայհոյել, ասում է՝ ես եմ արմատական ընդդիմությունը։ Երեք տարի է, ես ընդդիմությանը հաշտեցնողի դերում եմ, թե մի հայհոյեք միմյանց, համագործակցեք, որ ձեր դաշտը կայանա։ Այստեղ լավ կենացներ են խմում, հենց բարձրանում են ամբիոնին, հայտարարում են, թե իրենք են միակ ընդդիմադիրը, մյուսները հաճախորդ են։

– Գագիկ Ծառուկյանը կարծես թե ցանկանում է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, և դա կարող է ձեռնտու լինել իշխանություններին ոչ իշխանական դաշտը նորից համախմբելու և ընդդիմադիր էլեկտորատը վերահսկելու համար:

– Եթե որոշել է, թող գա: Մենք ընկերներ ենք, և ասում եմ, որ ինքը պիտի որոշի իր քաղաքական ճակատագիրը: Բայց ես կտրականապես դեմ եմ եղել, որ քաղաքական դաշտում որևէ մեկը սպասի, թե իրեն ինչ պիտի ասեն: Իսկ մենք նման խնդիր չունենք և հետևում ենք, թե ինչպես է ձևավորվում ընդդիմադիր դաշտը: Կարո՞ղ է կայանալ, մենք ուրախ կլինենք: Չե՞ն կարող, նույն իրավիճակը կլինի, ինչ կա հիմա՝ իրար կհայհոյեն, կոկորդ կկրծեն։ Չեմ հասկանում, մեկը մյուսի նկատմամբ խա՞նդ ունեն, նախա՞նձ կա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս