Բաժիններ՝

Վազգեն Խաչիկյանը բանտից զանգահարել է Կարեն Կարապետյանի խորհրդականին

Նոյեմբերի 8-ին  մի խումբ մտավորականներ բաց նամակ էին  ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ահազանգելով նշանավոր ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տան անմխիթար վիճակի մասին:

Հիշեցնենք, որ հայտնի բարերարը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ականն թթ. կառուցել էր դղյակ, որը, Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից  բացի, միակ պահպանված դղյակն է Հայաստանում: Այդտեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք: Խորհրդային Միության տարիներին այդտեղ գործել է հակատուբերկուլյոզային դիսպանսեր, ռազմական հոսպիտալ, մանկական ճամբար: 2005 թվականին այն ընդամենը մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամով Տուրիզմի հանրապետական խորհրդից ձեռք էր բերել ոչ անհայտ, մանկապղծության համար հետագայում դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը` պայմանով, որ այն առնվազն 15 տարի պետք է գործի՝ որպես տուրիստական հանգրվան: «Սակայն անցած 11 տարում որևէ էական ներդրում չի կատարվել, և այդ դղյակն այսօր գտնվում է փլուզման եզրին (…): Դիմում ենք Ձեզ խնդրանքով, հաշվի առնելով հուշարձանի աղետալի վիճակը՝ հրատապ խորհրդակցություն հրավիրել պատկան մարմինների հետ, նաև օգտվելով ՀՀ Կառավարության իրավունքից՝ գերակա պետական շահ ճանաչելու մասին լուծում տալ այս թնջուկին»,- գրել էին նամակի հեղինակները:

Երկու օր անց՝ նոյեմբերի 10-ին, Կարեն Կարապետյանն արձագանքեց ՝  Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարելով  մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:

Պարզվում է՝ վարչապետի այս որոշումն ուրախացրել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, ով  դատապարտվել է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի կապակցությամբ: Վազգեն Խաչիկյանը կառավարության այդ որոշումից այնքան է ոգևորվել, որ բանտից զանգահարել է Կարեն Կարապետյանի խորհրդականներից մեկին և իր ուրախությունն է արտահայտել այդ որոշման կապակցությամբ: Վազգեն Խաչիկյանը նաև նշել է, թե որքան է ուրախացել, երբ իմացել է, որ մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից հիմնադրված ընկերությունից այդ դղյակը կվերադարձվի:

Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից հիմնադրված «Լոզե» ՍՊԸ-ին հետագայում փոխանցվել է դղյակի սեփականության իրավունքը: Ըստ մտավորականների՝  ««Լոզե» ՍՊԸ-ն դղյակը գրավադրել էր Հայաստանի բանկերից մեկում, և ՍՊԸ  տնօրեն Ս. Տեր-Պողոսյանի կին Մադլեն Թաշճյանը  լքել է ՀՀ տարածքը՝  2015 թ. հունվարից աշխատավարձ չվճարելով նաև ՍՊԸ աշխատողներին և ըստ էության ոչնչացման մատնելով այդ պատմաճարտարապետական հուշարձանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս