Ինչպես արագ ստուգել ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունե՞ք, թե՞ ոչ՝ Telegram-ի միջոցով
ՀՀ արդարադատության նախարարության` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նկատմամբ քաղաքացիների դժգոհությունները կապված են հիմնականում ծանուցման ձևի հետ։ Փոստային ծանուցումը ժամանակ է խլում, իսկ շատ դեպքերում՝ տեղ չի հասնում, եթե փոստատարի այցելության պահին տվյալ հասցեում մարդ չկա։
Սրա պատճառով շատերը իրենց բանկային հաշիվների արգելափակման մասին իմանում են այն պահին, երբ ցանկանում են գործարք կատարել կամ գումար կանխիկացնել։
ՀՀ քաղաքացիներին այս տհաճ անակնկալից զերծ պահելու համար Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մշակել է հատուկ բոտ (համակարգչային ծրագիր), որի միջոցով կարող եք հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով վայրկյանների ընթացքում տեղեկանալ՝ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունե՞ք, թե՞ ոչ, ձեր հաշիվների արգելափակվա՞ծ են, թե՞ ոչ։ Ծրագիրն աշխատում է Telegram Messenger հավելվածի միջոցով։
Ինչպե՞ս օգտվել այս համակարգից։
1. Նախ պետք է ներբեռնել Telegram Messenger հավելվածը` սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մեջ։ Ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղից :
2. Ծրագիրը ներբեռնելուց հետո կապ հաստատեք ԴԱՀԿ բոտ-ի հետ։ Ուղիղ հղումը սա է՝ https://telegram.me/DAHKbot ։
3. Կապ հաստատելուց հետո ձեզ կպատասխանի ԴԱՀԿ ավտոմատացված համակարգը։ Ամեն ինչ շատ պարզ է, սեղմում եք Start, այնուհետև հավաքում ձեր Հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն (սոցիալական քարտի 10 նիշանոց թիվը)
4. Սեղմում եք Ընթացիկ վարույթներ կոճակը, և ստանում մանրամասն տեղեկատվություն՝ ինչ ընթացիկ վարույթներ կան հարուցված ձեր նկատմամբ, ովքեր են պահանջատերերը, որքան է յուրաքանչյուրի գումարային պահանջը և ընդհանուր պարտքի հանրագումարը։