«ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ամերիկահայ համայնքը պետք է վերլուծի և հասկանա, թե որտեղ է հայ համայնքի քաղաքական կշիռը». Հարութ Սասունյան

168.am-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

– Պարոն Սասունյան, երեկ հայտնի դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահի անունը, որով, ըստ էության, ավարտվեց այն ընտրարշավը, որում, ըստ մի շարք փորձագետների, իրենց սխալ դրսևորեցին ԱՄՆ հայկական կազմակերպությունները՝ իրենց աջակցությունը չհայտնելով որևէ թեկնածուի և հայկական գործոնի ազդեցությունը  հավասարեցնելով զրոյի։ Ի՞նչ եզրակացություններ պետք է անեն հայկական կազմակերպությունները։

– Իմ կարծիքով՝  հայկական կազմակերպությունները շատ ճիշտ որոշում էին կայացրել, որովհետև  չէին կարող թիկունք կանգնել ո՛չ մեկին, ո՛չ էլ՝ մյուսին։ Դա բացարձակապես անպատասխանատու և անիմաստ քայլ կլիներ, որովհետև երկու թեկնածուներից ոչ մեկը բարենպաստ դիրքորոշում չուներ հայկական համայնքի նկատմամբ։ Հիլարիի պարագայում մենք հստակ գիտեինք, որ բացասական դերակատարություն է ունեցել հայկական հարցերում՝ լինի դա Հայոց ցեղասպանության, լինի դա հայ-թուրքական արձանագրությունների հարցով։  Քլինթոնն իր ողջ ընտրապայքարի ընթացքում որևէ պահի որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել հայկական համայնքի հանդեպ, չի պատասխանել հայկական համայնքի դիմումներին, որպեսզի որևէ հայտարարությամբ հանդես գա կամ հանդիպում ունենա հայերի հետ։ Չի կարելի նման թեկնածուին թիկունք կանգնել, երբ նա  բացարձակապես հաշվի չի առնում մեզ։

Իսկ ինչ վերաբերում է Թրամփին, ապա, քանի որ Թրամփը քաղաքական դեմք չի եղել, բիզնեսմեն է եղել ողջ կյանքում, հայկական համայնքը տեղյակ չի եղել, թե ինչպիսին է Թրամփի դիրքորոշումը հայկական հարցերի վերաբերյալ, իր հետ կապ հաստատելու բոլոր փորձերն անպատասխան են մնացել, հետաքրքրություն չի ցույց տվել հայերի հետ կապ հաստատելու հարցում։ Ինչպե՞ս կարող է հայկական համայնքը թիկունք կանգնել մի թեկնածուի, ում դիրքորոշումներն անծանոթ են իր համար, և ինչպե՞ս  կարելի է կուրորեն պաշտպանել նման թեկնածուին։  Դա կլիներ անպատասխանատու մոտեցում։

Հայկական կազմակերպությունները նույն քաղաքականությունն են վարել 4 տարի առաջ Ռոմնիի և Օբամայի  թեկնածության պարագայում։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչն էր  պատճառը, որ այս անգամ թեկնածուները որևէ ուշադրություն չդարձրին հայ համայնքին, որովհետև, փաստորեն, նախորդ նախընտրական արշավների ժամանակ հայ համայնքի և թեկնածուների միջև կապ գոնե առաջանում էր, թեկուզ տրվում էին խոստումներ, որոնք չէին կատարվում, այնուամենայնիվ նախընտրական շրջանում հայ համայնքի  քվեները կարևորվում էին։ Ինչո՞վ եք բացատրում հայ համայնքի դերի նվազումը։

– Այստեղ երկու խնդիր եմ տեսնում։ Առաջինը թեկնածուների մեղքն է, որոնք սխալ դատողություններ արեցին և չկապվեցին ամերիկահայ ընտրողների հետ։ Այդ շրջանում նրանք բոլոր ընտրողների, այդ թվում՝ հայ կամ այլ ազգության ընտրողների կարիքն ունեին, և համայնքի հետ չկապվելը, լինի դա հայ համա՞յնքը, թե՞ այլ, մեծ սխալ էր։ Թեկնածուների կողմից նման կոպիտ սխալն իրապես անհավատալի էր։

Ինչ վերաբերում է հայկական  կողմին, ապա ընտրություններից հետո անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ներքին կարգով, առանց մեծ աղմուկ բարձրացնելու, առանց սպասումները բարձրաձայնելու՝ հայ համայնքի ղեկավարությունը հավաքվի, վերլուծի և տեսնի, թե որոնք էին հայ համայնքի սխալները, ինչ առիթներ կային, որոնք չօգտագործվեցին, և, վերջապես, հայ համայնքը  պետք է հասկանա, մտածի, թե որտեղ է հայ համայնքի քաղաքական կշիռը, քանի որ, որքան բարձր է քաղաքական կշիռը, այնքան թեկնածուները հաշվի են առնում  համայնքի առաջադրած խնդիրները։ Այստեղ, կարծում եմ, երկու կողմից էլ խնդիր կար։

– Ընտրարշավի փուլն արդեն կարելի է կորսված համարել, ընտրություններից հետո ինչպե՞ս պետք է գործեն կազմակերպությունները, նոր նախագահի առջև ի՞նչ խնդիրներ և ինչպե՞ս պետք է դնեն, կապ ապահովեն նորընտիր նախագահի հետ։  Նման հնարավորություն տեսնո՞ւմ եք։

– Այո՛ անշուշտ տեսնում եմ, և շատ կարևոր է այդ ուղղությամբ աշխատանքը, որովհետև ընտրություններին մենք քվե չտվեցինք ոչ մեկին, ոչ մյուսին, ես ինքս չեմ քվեարկել ոչ մեկի օգտին։ Սակայն ուզում եմ կարևորել մեկ այլ հանգամանք, որը շատ է հուսադրում հայ համայնքի ներկայացուցիչներին. դա այն է, որ նոյեմբերի 8-ին միայն նախագահական ընտրություններ չէին ԱՄՆ-ում, այլ 435 կոնգրեսմենների ընտրություն, սենատորների և կոնգրեսմենների շարքում կան առնվազն 100-ից ավելի  հայանպաստ դիրքորոշում ունեցող կոնգրեսմեններ և սենատորներ, այդ մարդկանց մոտից մենք հանդիպել ենք, խոսել, դիրքորոշումներ հայտնել, իրենք մեզ թիկունք կանգնեցին, մենք իրենց քվե տվեցինք, և ես ևս քվեարկեցի իմ նախընտրած թեկնածուների օգտին։

Կոնգրեսի մակարդակով մեր աշխատանքն առանց որևէ դադարի շարունակվելու է։ Իսկ նախագահի պարագայում՝ ով էլ լինի ԱՄՆ նախագահը՝ մեզնից հեռո՞ւ, թե՞ մոտ, հանրապետակա՞ն, թե՞ դեմոկրատ, պարտավոր ենք հնարավորն անելու այդ մարդուն մեր հարցերը ներկայացնելու, փորձելու իր հետ կապեր հաստատել, իր շրջանակի, օգնականների հետ հանդիպումներ ունենալու համար։ Դա շատ կարևոր է, այդ աշխատանքը տարվելու է հաջորդ 4 տարիների ընթացքում։

– Ի՞նչ խնդիրներ պետք է բարձրացվեն նորընտիր նախագահի առջև՝ ըստ Ձեզ։

– Մեր խնդիրները չեն փոխվել, մենք ունենք նույն խնդիրները տարիներ ի վեր։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ակնկալում ենք, որպեսզի ԱՄՆ-ը քաջալերի, և Թուրքիան որոշ զիջումներ անի, ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման հարցին՝ ջանքեր ներդրվեն մեր պատմական եկեղեցիների ու հուշակոթողների  վերանորոգման, կոթողները և եկեղեցիները Պոլսո պատրիարքությանը հանձնելու համար, քանի որ դրանք հայապատկան հողեր են եղել։ Ինչ վերաբերում է հայկական պետություններին տրվող աջակցությանը՝ լինի ՀՀ, թե Արցախ, պետք է այդ գումարներն ավելացնելու ջիգ կատարենք։ Դիմում ներկայացնենք Կոնգրեսի միջոցով նախագահին և փորձենք օժանդակել սիրիահայությանը, որ վատ վիճակի մեջ է։ Արցախի հարցով պետք է փորձենք այնպես անել, որպեսզի ԱՄՆ դիրքորոշումն ավելի արդար լինի, համարձակություն  ունենա քննադատական խոսք ասելու Ադրբեջանին, և ոչ թե՝ անընդհատ  դատապարտի երկու կողմերին էլ։ Այսպիսի հարցեր կան Հայաստանի հետ կապված, որոնց ուղղությամբ պետք է աշխատել, ու այդ հարցերը պետք է անընդհատ բարձրացնել։

– Պարոն Սասունյան, կոնգրեսմենների միջոցով հնարավո՞ր է ամրապնդել 907 բանաձևը և բոլորովին արգելել ամերիկյան աջակցությունն Ադրբեջանին ռազմական ոլորտում, քանի որ այդ օգնությունն օգտագործվում է ԼՂ շփման գծում։

– 907 բանաձևն ամրապնդելու հարց չկա, դա արդեն օրենք է և ուժի մեջ է։ Հավանաբար միակ բանը, որ պետք է անել, հետևյալն՝ Ադրբեջանի կողմից ինչ-որ քայլեր արվել են 907-ը ճնշելու ուղղությամբ, ուստի պետք է աշխատենք, որպեսզի այդ օրենքը շարունակի գործել այնպես, ինչպես գործել է վերջին 20 տարիների ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս