«Ո՞ր ծրագրերը Հայաստանն ավելի կամրապնդեն ինովացիոն երկրների քարտեզում». մեկնաբանում է Բագրատ Ենգիբարյանը

Հայաստանում տնտեսական զարգացման գերակա ճյուղերից պետք է հայտարարել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը: Այս մասին շատ է խոսվում հատկապես վերջին տարիներին, երբ ոլորտի գրանցած հաջողությունների արդյունքում Հայաստանը համարվում է ինովացիոն և տեխնոլոգիական երկիր: Այս մասին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում խոսեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ո՞րն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժը Հայաստանում, և որո՞նք են վերջին տարում գրանցված կարևոր զարգացումները: Հենց այս հարցերի պատասխանն էր ամփոփում Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Բագրատ Ենգիբարյանը նախ՝ խոսեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման մասին:

«2-3 տարիների ընթացքում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կվերապատրաստվի առնվազն 4000 մասնագետ, կստեղծվեն 900 աշխատատեղեր, կիրականացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր, կձևավորվի ճարտարագիտական կլաստեր»,- նշեց նա:

Վանաձոր տեխնոլոգիական կենտրոնը կառուցվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նախատիպով՝ հաշվի առնելով նրա օրինակը: Բացի Վանաձոր և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնից, Կապանում հիմնադրվել է մոբայլ լաբորատորիա, Արցախում հիմնվել է ՏՏ կենտրոն:

«Նմանատիպ կենտրոնները դառնում են մարզի և քաղաքի կարևոր տնտեսական բաղադրիչ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների մուտքը տվյալ քաղաքներ, միևնույն ժամանակ՝ պատրաստելով և վերապատրաստելով բազմաթիվ մասնագետներ, աջակցելով տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին՝ կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ»,- ասաց նա:

Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ տեխնոկենտրոնները ոչ միայն զբաղվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ, ներդրումների խթանմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլև նպաստում են ներգաղթին, կերտում են որոշակի մշակույթ, մտածելակերպ, աշխարհայացք, կատարում են ուղղորդիչ դեր: Կարևոր է նաև այն, որ նմանատիպ կենտրոնները զարգանալու և առաջխաղացում գրանցելու նոր հնարավորություն են երիտասարդների համար:

Բագրատ Ենգիբարյանը նշում է, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ ՏՏ ներուժն առկա է ամբողջ երկրով: ՏՏ ոլորտը զարգանում է ոչ միայն մայրաքաղաք Երևանում:

«Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի այն եզակի ոլորտներից է, որը զարգանում է ոչ միայն Երևանում, այլև մարզերում. ՏՏ լուրջ ներուժ կա ողջ երկրում: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հասել է մի հանգրվանի, երբ կան հաջող նախաձեռնություններ շղթայի բոլոր օղակներում. տեխնոլոգիական կենտրոններ ու լաբորատորիաներ՝ մարզերում, կրթական, ինովացիոն կենտրոններ, ինկուբատորներ, վենչուրային հիմնադրամ՝ Երևանում, և այլն: Իսկ շղթայի սկիզբը դրվեց 2002 թվականին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ստեղծմամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և հանդիսանում է եզակի ու հաջողված նախաձեռնություն ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Վերջին տարիներին Հայաստանում՝ ՏՏ, իսկ այժմ՝ նաև ինժեներական ոլորտի պետական կարևորության խոշոր ծրագրերն իրականացվում են հենց ՁԻՀ-ի կողմից»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը:

Որպես ապագայի կարևոր ծրագիր՝ Բագրատ Ենգիբարյանն առանձնացնում է Ջրվեժում կառուցվող ինժեներական քաղաքի ու կիբեռանվտանգության գերազանցության կենտրոնի ծրագրերը:
Բ. Ենգիբարյանն այս ծրագրերը կոչում է հայաստանյան տեխնո ապագայի ծրագրեր, որոնց շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանն ավելի կամրապնդի իր դիրքը՝ որպես ինովացիոն երկիր:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս