«Խաղի կանոն է փոխվել, և այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում». Վարդան Հարությունյանը՝ կադրային փոփոխությունների մասին
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, որ իրեն երկար ժամանակ համոզում էին դառնալ ՊԵԿ նախագահ: «Նման բան չկա»,- ասաց նա:
Վ. Հարությունյանը հաստատեց, որ ՊԵԿ-ում լուրջ կադրային փոփոխություններ են իրականացվում.
«Համալրվում է իմ մարդկանցով, համալրվում են պրոֆեսիոնալ մարդկանցով և էլի են համալրվելու: Այն մարդիկ, որոնք իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու իրականացնել, նրանք պետք է դուրս գան: Խաղի կանոն է փոխվել, և այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում: Ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնները և պետք է աշխատեմ իմ թիմի հետ, որը ես եմ ընտրել»:
Վ. Հարությունյանի խոսքով` ՊԵԿ-ը պետության ներկայացուցիչն է յուրաքանչյուր բացված բիզնեսի մեջ հարկերի տեսքով, պետությունը հանդիսանում է փայատեր ցանկացած բիզնեսի, և այդ բիզնես մեջ փայի ներկայացուցիչը հարկային մարմինն է: Նա նշեց, որ եթե բիզնեսմենը պարկեշտ և առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, իրենք պետք է ուղղակի աջակցեն այդ բիզնեսի զարգացմանը, իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որ կփորձեն թաքցնել, կպայքարեն նրանց դեմ:
Հարցին` ՊԵԿ նախագահն ունի՞ բիզնեսներ, Վ.Հարությունյանը պատասխանեց. «Ես ունեցել եմ: Իմ ընտանիքն ունի՞: Ունի: Որևէ հովանավորչություն բացառվում է»: