
Իլոն Մասկը մարդկությանը նախազգուշացրել է ռոբոտների պատճառով վերահաս աղետի մասին

Tesla Motors եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը նախազգուշացրել է, որ մարդկությանն աղետ է սպասում այն դեպքում, եթե մարդիկ չկարողանան հարմարվել եւ իրենց տեղը գտնել ռոբոտների համատարած ներդրման պայմաններում: Այս մասին տեղեկացնում է Gizmodo-ն:
«Մարդկանց հարկ կլինի համակերպվել այն բանի հետ, որ իրենց աշխատատեղերն զբաղեցնելու են ռոբոտները»,- վստահ է Մասկը:
Ձեռնարկատերն այն կարծիքին է, որ արհեստական ինտելեկտը կփոխարինի գրեթե բոլոր պրոֆեսիոնալներին: Մասկը վստահ է, որ նեյրոցանցերը մոտ ապագայում կկարողանան մարդուց ավելի լավ կատարել նույնիսկ ստեղծագործական բնույթի աշխատանքները:
Գործարարի կարծիքով՝ մարդկությանը լճացումից կկարողանա փրկել անվերապահ բազային եկամտի համատարած սահմանումը՝ որոշակի դրամական գումարի կանոնավոր վճարումը հասարակության յուրաքանչյուր անդամին՝ առանց աշխատանք կատարելու: Մասկը ենթադրում է, որ այդ միջոցը կնպաստի աղքատության վերացմանը եւ մշակութային ու տնտեսական նոր ինքնություն ձեռք բերելուն: