«Այն տարընթերցումը, կարծիքը, որ ձևավորվեց այդ հարցազրույցից հետո, մի փոքր չի համապատասխանում իրականությանը». Առողջապահության փոխնախարար
«Նախարարն արդեն արձագանքել է այն իրադրությանը, ոը ձևավորվել է այդ հարցազրույցից հետո»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ անդրադառնալով նախարար Լևոն Ալթունյանի այն հայտարարությանը, թե ինքը մեկ-երկու ծննդկանի մահվան հարցով չի զբաղվում:
Փոխնախարարի խոսքով՝ նախարարը պլանավորում է Հայաստան վերադառնալ վաղը և հենց վաղն էլ այդ երեք մահացած ծննդկանների հարազատների հետ կհանդիպի. «Ինչի՞ այդ երեքի հետ, որովհետև հենց այդ հարցն էր բարձրացվում լրագրողների կողմից: Կարծում եմ՝ իր վերադառնալուն պես նախարարը կարձագանքի և այդ հարցով կզբաղի: Այն տարընթերցումը, կարծիքը, որ ձևավորվեց այդ հարցազրույցից հետո, մի փոքր չի համապատասխանում իրականությանը: Մենք նախարարի հետ բազմաթիվ անգամներ խոսել ենք այս թեմայի շուրջ, յուրաքանչյուր մահվան դեպք մեզ համար արտառոց դեպք է, մենք չենք հոգնում դա կրկնել, դա ողբերգություն է, նախարարն ինքը կարձագանքի դրան»:
Հարցին, թե համացանցում դրանից հետո մի խումբ մարդիկ նախարարի հրաժարականն են պահանջում, հիմա Դուք ասում եք՝ նման բան չի՞ ասել՝ փոխնախարարն այսպես պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չէի ուզենա որևէ բան մեկնաբանել նախարարի ասածներից, նախարարը երբ կվերադառնա, ինքը կպատասխանի ձեր բոլոր հարցերին, բայց ես կարծում եմ՝ այսօր նախարարությունը մեծ պլաններ ունի և լուրջ գործառույթներ է իրականացնում, կարծում եմ՝ պետք է համբերատար տեսնել, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա ամիսներին»: