Մեջլիսի հայ պատգամավորը պահանջել է պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը բարձրացրել է նախօրեին Ադըյաման քաղաքի ասորական գերեզմանոցի պղծման հարցը` պահանջելով պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները:
Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Դողանը ոչ մահմեդականների գերեզմանոցների նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները որակել է որպես հարձակում միասին ապրելու մշակույթի վրա:
Դողանը նաև նշել է, որ Ադըյամանի Մոր Պետրոս եկեղեցուն կից գերեզմանոցը նմանատիպ հարձակման է ենթարկվել նաև 2006 թվականին: Հայ պատգամավորը հիշեցրել նաև Անկարայի նախկինում հայաբնակ Յենիքենթ շրջանի Զիր հովիտում գտնվող հայկական գերեզմանոցի ավերումը գանձ որոնողների կողմից:
«Որևէ համայնքի, ժողովրդի կամ կրոնական փոքրամասնության գերեզմանոցների վրա հարձակումը, հարձակում է միասին ապրելու մշակույթի, հարձակում է մեր պատմության վրա»,-շեշտել է Դողանը:
Հայ պատգամավորը պահանջել է նաև ժամ առաջ հայտնաբերել և պատժել հարձակումը կատարողներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի Ադըյաման քաղաքում գտնվող ասորական գերեզմանոցը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Հարձակման ընթացքում կոտրվել են գերեզմանների քարերը: Ընդհանուր առմամբ պղծվել է 10 գերեզման: