Պուտինն ընտրակաշառք կբաժանի Հայաստանի ԱԺ ընտրություններից առաջ
Ինչո՞ւ և ինչպե՞ս են Հայաստանում կեղծվում ընտրությունները։ Գիտեն բոլորը։ Կեղծվում են՝ հանուն իշխանության պահպանման, ու կեղծվում են առավելապես ընտրակաշառքի միջոցով։ Ի՞նչ է ընտրակաշառքը։ Շատերը միամտաբար կարծում են, որ դա ընտրողի տան դուռը թակող թաղային խուժանի կողմից ընտրության նախօրեին տրվող թղթադրամն է կամ իրեն ընդդիմություն հռչակած ուժի նույնակարգ խուժանի կողմից ողորմված պարարտանյութը։ Ու բոլոր այդպես կարծողները ոչ միայն ուղղակի կարծում են, այլ հոգու խորքում նեղսրտում են անարդարությունից։
Ոչ թե ընտրակաշառքի միջոցով ընտրության ելքը կեղծելու անարդարությունից, այլ, որ իրենց դուռը ևս ծեծող չի եղել ու փող առաջարկող չի գտնվել ու պարարտանյութ դատարկող չի հայտնվել։ Իրականում ընտրակաշառքի ընդգրկումը շատ ավելի լայն է ու խորը։
Ու դրա ամենաընդգրկուն տեսակը մասսայական ընտրակաշառքն է, որն, ինչպես ամենայն զանգվածայինը, չի գիտակցվում։ Ընտրակաշառքի այս տեսակը սնուցում է ոչ թե մարդկանց գրպանները կամ հողակտորը, այլ ուղեղը, ու ստիպում է հավատալ։ Հավատալ ու սպասել։ Սպասել ու չմտածել։
Չմտածել ու ձայն տալ։ Հավատացնողներին, բնականաբար։ Իսկ հավատացնողը հիմա, ինչպես գրեթե միշտ, իշխանությունն է։
Գազն էժանանալու է։ Ուռա՜։ Հնարավոր է՝ էժանանա նաև էլեկտրաէներգիան։ Կրկին ուռա՜։
Իսկ ո՞վ էժանացնողը։ Իհա՛րկե իշխանությունը։ Այն նույն իշխանությունը, որը տարիներ շարունակ թանկացրել է։ Բայց թանկացումները մոռացվել ու թանկացումներին հարմարվվել է։ Կարևորն այսօրվա էժանացումն է, որը մթագնում է երեկվա թանկացման հիշողությունը։ Եվ ուրեմն, իշխանությունն էժանացնում է գազը։ Ռուսաստանի։ Իշխանությունը։ Նաև գազը։ Այսպիսով, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում, մեղմ ասած, լոյալ կառավարության ձևավորումից հետո Ռուսաստանը ցանկանում է էժանացնել ՀՀ քաղաքացիների կողմից գնվող գազը։ Բայց էժանացվում է այնպես, որ քաղաքացին մտածի, թե էժանացնողը սեփական իշխանությունն է, ու սեփական միակ ունեցվածքը, որն արժեզրկված ունեցվածք է, բայց այդուհանդերձ է՛, ահա այդ ունեցվածքը՝ ձայնը, տա սեփական իշխանությանը։
Այսինքն՝ իրականում Հայաստանի ընտրողներին ընտրություններից ամիսներ առաջ բաժանվում է ընտրակաշառք։ Գրեթե բոլորին։ Այսինքն՝ արդարաբար։ Բայց ինչո՞ւ է Ռուսաստանը բաժանում այդ ընտրակաշառքը, որ ո՞վ ընտրվի, և ո՞վ հանկարծ չընտրվի։
Ընտրվողը պարզ է՝ գործող իշխանությունը, որը կշարունակի արտաքին քաղաքական ընտրություններում ձայնը ու մնացած ամեն ինչ տալ Ռուսաստանին։ Իսկ ովքե՞ր չպետք է ընտրվեն, ու ո՞ւմ չընտրության համար է Ռուսաստանը զանգվածային ընտրակաշառք բաժանում՝ գազի էժանացման տեսքով։ Բոլոր այն ուժերը, ովքեր համարձակվում են Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը տեսնել հյուսիսայինից տարբերվող հորիզոններում։ Եվ ուրեմն, ռուսական ընտրակաշառքն ուղղված է Հայաստանի արևմտյան ընտրության դեմ։
Ընդհանրապես ու տարածված բանահյուսական արտահայտության համաձայն, իշխանություններն ընտրակաշառք են բաժանում՝ մինչև հաջորդ ընտրություն ընտրողների հետ անելու այն, ինչը Քրեական օրենսգրքի ամենադաժան հոդվածներից մեկով պատժվող հանցագործություն է։ Իսկ ի՞նչ է անելու Ռուսաստանը՝ այսօր բաժանվող ընտրակաշառքով ընտրությունների արդյունքները ստանալուց հետո։ Նույնը։ Ոչ թե քաղաքացիների հետ, այլ պետության։ Հայաստանի իշխանությունն այս գործընթացում ընդամենը միջնորդ է։ Գործունեություն, որը ևս Քրեական օրենսգրքով խիստ պատժի է արժանանում։
Գազն էժանանում է։ Ուռա՜։ Եվ ո՛չ բոլոր այն մտքերին ու կարծիքներին ու տեսակետներին, որ ավելի լավ է ապրել արժանապատիվ, իրավական, ժողովրդավարական երկրում ու ջերմանալ թեկուզ թանկ գազով ու լուսավորվել թեկուզ թանկ էլեկտրաէներգիայով։
Ռուսներն էժանացնում են գազը՝ Հայաստանի քաղաքացիների ուղեղները սառեցնելու ու միտքը խավարի մեջ պահելու համար։
Չէ՞ որ այդ նույն ուղեղներն ու մտքերն ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, սկսել էին աշխատել ու հասկանալ, որ Ռուաստանին գազի դիմաց մեր վճարած գումարներով արտադրված ու Ադրբեջանին վաճառված զենքով են ապրիլյան պատերազմում սպանվել մեր երեխաները։
Ռուսները հասկացել են, որ էժան գազով կարելի է վառել նաև հիշողությունը։ Ռուսները դժվար թե չկռահեն, որ կարելի է էժանացնել նաև բենզինը, ինքնաթիռի ու գնացքի տոմսերը, բանկային տոկոսադրույքներն ու Հայաստանում վաճառվող ռուսական ամենայնը։ Սպասենք նորանոր էժանացումների, որոնց առթիվ արձակվող հանրային ոգևորության ճիչերը կխլացնեն ադրբեջանական նոր ագրեսիաների ժամանակ ռուսական զենքի մասին մտածումներն ու կասկածները։
Հարություն Ավետիսյան