«Այո, անվանի հայերը ռիսկի են դիմում…». Վարդան Բոստանջյան

Օրերս աշխարհի անվանի հայերը բաց նամակով էին հանդես եկել՝ կոչ անելով աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին՝ գալ և Հայաստանում ներդրումներ անել։ Այդ նամակի տակ ստորագրել էին այնպիսի հայտնի հայեր, ինչպիսիք են՝ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը, Անդրե Անդոնյանը, Աբել Աղանբեկյանը, Տ. Մեսրոպ Արամյանը, Կարո Արմենը, Շառլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Էդվարդ Պ. Ջերեջյանը, Չարլզ Ղայիլյանը, Սալբի Ղազարյանը, Վարդան Գրեգորյանը, Պիեռ Գյուրջյանը, Արթուր Ջանիբեկյանը, Սամվել Կարապետյանը,Անդրեյ Մկրտչյանը, Միխայիլ Պողոսյանը, Գրեգ Սարգսյանը, Սեմ Սիմոնյանը, Սերժ Չուրուկը, Պատվելի Տիգրան Թևրիզյանը, Ռալֆ Յիրիկյանը։

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ողջունելի համարեց անվանի հայերի այս նախաձեռնությունը. «Ցավոք սրտի, ՀՀ-ում մինչև օրս ներդրումային գրավիչ պայմաններ չեն եղել, ինչի պատճառով ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայկական ներդրողները, գտնելով, որ իրենք կարող են հանգրվանել ռիսկային գոտում, այդ քայլին չեն դիմել։ Հիմա մեծանուն հայերը, որ նման բարձրաձայնում են արել, դա, իհարկե, չափազանց լավ է մեր երկրի համար, բայց միևնույն ժամանակ՝ չպետք է միայն հիմնվել նրանց բարձրաձայնումների վրա, պետք է ստեղծել հնարավորինս նպաստավոր  պայմաններ այդ առումով։ Նրանք, նման բարձրաձայնում անելով, ամենայն հավանականությամբ, համոզված են, որ այդպես էլ կլինի, և այլ ներդրողներ ևս համարձակություն կունենան ՀՀ-ում ներդրումներ անելու։ Այս գործընթացը ես չափազանց ողջունում եմ, կարևոր է, և հասկանում եմ նաև դրա ամբողջ տրամաբանությունը։ Նրանք իրենց հայրենասիրական մղումներից ելնելով՝ ուզում են աջակցել մեր երկրին, իսկ դա տնտեսության նման ծանր վիճակում չափազանց կարևոր գործ կլինի մեր երկրի համար»։

Տնտեսագետից հետաքրքրվեցինք, թե պատասխանատու քայլ չէ՞ նման կոչով հանդես գալը՝ հաշվի առնելով մեր երկրի ներդրումային միջավայրը։ Ի պատասխան՝ Վ. Բոստանջյանն ասաց. «Դա իրենց մտքերի, տրամադրությունների արտահայտումն է, ակնհայտորեն այդ մարդիկ միամիտներ չեն, եթե տեսնեն, այդուհանդերձ, դրա համար պարարտ հող չկա երկրում, ուրմեն՝ այս գործունեությունը չի իրականանա երկրում, իրենք այդպես միամիտ, աչքերը փակ՝ չբերեցին այդ փողերը դրեցին ու կորցրեցին, իրենք կտեսնեն՝ արդյոք ներդրումները իրավական հիմքերով, օրենքով, երկրում ամրագրված սկզբունքներով պաշտպանվա՞ծ են, միայն այդ պարագայում  կարող են գործնական քայլերի դիմել։ Եթե տեսնեն, որ վիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է նախորդ ժամանակահատվածում, իրենք այդ գործունեությամբ չեն զբաղվի»։

Հարցին էլ, թե ինչո՞ւ հենց հիմա անվանի հայերը նման հայտարարությամբ հանդես եկան, արդյոք կառավարության փոփոխությունից իրենց մոտ է՞լ է հույսեր առաջացել ներդրումային միջավայրի բարելավվելու ուղղությամբ՝ Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց.

«Պարզապես նրանք մտահոգ ու հոգատար հայ մարդիկ են։ Ո՞ր մի հայը չի ուզենա՝ իր երկիրը տեսնի լավ, կանոնակարգված։ Իրենք հիմա բոլոր դեպքերում ինչ-որ տեղ, այո, ռիսկի են դիմում՝ չունենալով այլընտրանք, որովհետև տեսնում են, որ այսպես ձեռքերը ծալած, նստած վիճակում, ամենայն հավանականությամբ, մենք չենք հասնի հաջողության։ Մենք իսկապես գտնվում ենք ոչ ցանկալի վիճակում, և այդ վիճակով ոչ թե միայն ներսի հայ մարդիկ են անհանգստացած, այլև դրսում ապրող հայերը»։

Տեսանյութեր

Լրահոս