Բաժիններ՝

«Դրսից ձիթհան կազմակերպությունները ներկրում են կտավատը մոտ 600 դրամով, բայց մեր լեռնաշխարհում աճեցված կտավատի որակը բարձր է»

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում՝ Արիստակես Նաջարյանի տնտեսությունում, արմատավորվում է ավանդական, բայց Գեղարքունիքի մարզի տարածքում նվազագույն ծավալներով օգտագործվող մշակաբույսի՝ կտավատի արտադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արիստակես Նաջարյանը, իր տնտեսությունում այս տարի կատարվել է 5 հեկտար ցանք, որից հավաքվել է մոտ 2,5 տոննա բերք:

«Նախորդ տարում կտավատի ցանք կատարել եմ 2 հեկտարի վրա, բայց արդյունքը եղել է զրոյական, քանի որ կարկուտն ամբողջովին ավերեց ցանքը: Այս գարնանը որոշեցի ցանքը կատարել տարբեր գոտիների հողերում, որպեսզի կարկտի դեպքում որոշ հողամասեր զերծ մնան վնասից: Բարեբախտաբար, 5 հեկտարն էլ գրեթե անվնաս մնաց: Միայն բարձրադիր գոտում բերքը չհասցրեց լրիվ հասնել: Այդուհանդերձ, բերքից գոհ եմ, միայն թե հիմա էլ կանգնել եմ իրացման խնդիր առաջ»,- ներկայացրեց Արիստակես Նաջարյանը:

Կտավատի արտադրությամբ զբաղվող գյուղացու համար դժվար է հասկանալ, թե ինչպես է, որ կտավատի ձեթի 1 լիտրը վաճառվում է միչնեւ 4-6 000 դրամով, սակայն կտավատի 1 կիլոգրամը շուկայում վաճառվում կամ ձիթհաններում մթերվում է 600 դրամով, այն դեպքում, երբ մշակաբույսի 3 կիլոգրամից ստացվում է 1 լիտր ձեթ:

«Երկու տարի առաջ կտավատի 1 կիլոգրամը վաճառվում էր մինչեւ 2 000 դրամով: Անցած տարի այն տատանվում էր 1000-1500 դրամի սահմաններում, իսկ այս տարի արդեն խոսք է գնում 600-800 դրամի մասին, ինչն արդեն արտադրողի համար շահավետ չի կարող լինել: Դրսից ձիթհան կազմակերպությունները ներկրում են կտավատը մոտ 600 դրամով, բայց մեր լեռնաշխարհում աճեցված կտավատի որակը բարձր է: Կփորձեմ համապատասխան շուկա գտնել»,- նշեց Արիստակես Նաջարյանը:

Կարդացեք նաև

Նա կտավատի արտադրության կազմակերպման ու ընդլայնման համար կարեւորեց երկու հանգամանք, որպեսզի բերքահավաքը կատարվի հնարավորինս անկորուստ. վաղ գարնանային ցանքը եւ ժամանակակից կոմբայնի առկայությունը:

«Տարիների փորձը ցույց տվեց, որ կտավատի սերմը հարկավոր է հողին պահ տալ մինչեւ մայիսի առաջին տասնօրյակը, որպեսզի բույսը հասցնի կատարել իր հասունացումը: Իսկ նման ծավալների անկորուստ բերքահավաք կատարելու համար հարկավոր է ժամանակակից կոմբայն, մեր ունեցած հնացած տեխնիկայով անհնար է նորմալ բերքահավաք կատարել»,- ասաց կտավատագործը՝ հավելելով, որ եկող գարնանը եւս որոշել է զբաղվել կտավատի մշակությամբ:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս