
Ինչով է զբաղվելու Թրամփի կինը, եթե առաջին տիկին դառնա

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, խոստացել է իր ամուսնու նախագահ ընտրվելու դեպքում իրեն նվիրել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը:
«Ես պաշտպանելու եմ կանանց եւ երեխաների իրավունքները»,- ասել է Մելանյա Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայի նահանգում:
Նրա խոսքով՝ իր գործունեության «գլխավոր գերակայությունը» դառնալու է երեխաներին ու դեռահասներին սոցիալական ցանցերում հասակակիցների հարձակումներից պաշտպանելու աշխատանքը: «Մենք պետք է գտնենք միմյանց հետ խոսելու եւ միմյանց հետ չհամաձայնելու լավագույն եղանակը»,- ասել է Թրամփը: «Դա լինելու է իմ աշխատանքի գլխավոր գերակայություններից մեկը, եթե ես արժանանամ երկրի առաջին տիկինը դառնալու պատվին»,- հավելել է նա: Նա նաեւ հավաստիացրել է, որ պայքարելու է կանանց իրավունքների համար եւ պաշտպանելու է նրանց շահերը:
Այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում 70-ամյա Թրամփի հաղթելու դեպքում 46-ամյա Մելանյա Թրամփը կդառնա ԱՄՆ-ի նախագահի՝ պատմության մեջ երկրորդ կինը, որը ծնվել է արտասահմանում:
Առաջինը եղել է Անգլիայում ծնված Լուիզա Ադամսը՝ ԱՄՆ-ի վեցերորդ նախագահ Քուինսի Ադամսի կինը, որի ընտանիքն Սպիտակ տունն զբաղեցրել է 1825-1829 թվականներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: