Բաժիններ՝

Հայանիստ գյուղը սպասարկող միակ միկրոավտոբուսային երթուղին կարող է փոխարինվել ավտոբուսայինով

Արարատի մարզի Հայանիստ եւ հարակից գյուղերը սպասարկող միակ՝ 487 համարի միկրոավտոբուսային երթուղին կարող է փոխարինվել ավտոբուսայինով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Նրա խոսքով` արդեն իսկ տեսչական վերահսկողական գործառույթներ են իրականացվում Հայանիստ գյուղում` կրկին անգամ իրական պատկերը տեսնելու համար:

«Եթե անհրաժեշտություն լինի, մինչեւ տվյալ երթուղու համար մրցույթի հայտարարումը, հնարավոր է, փոփոխություններ արվեն չվացուցակում կամ տրանսպորտային միջոցներ ավելացվեն երթուղում»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե տեսչության ուսումնասիրության արդյունքները ցույց տան, որ երթուղին իրոք ծանրաբեռնված է աշխատում, 2017 թվականին տվյալ երթուղու մրցույթը կհայտարարվի որպես ավտոբուսային երթուղի: Մեր այն հարցին, թե ինչու նախարարությունը չի քննարկում հայանիստցիների այն պահանջը, որով առաջարկվում է, որ Խաչփառ գյուղը սպասարկող 35 համարի ավտոբուսը սպասարկի նաև Հայանիստն ու Գետաշեն թաղամասը, նախարարության տրան սպորտի վարչության պետի տեղակալը նշեց, որ այդ պահանջը բավարարելու դեպքում Հայանիստը եւ հարակից գյուղերը սպասարկող միակ միկրոավտոբուսային երթուղին վնասներով կաշխատի, եւ, հետեւաբար, երթուղու սպասարկումը կդառնա ոչ շահութաբեր, ինչը կհանգեցնի նրան, որ միակ երթուղին ուղղակի կդադարի աշխատել: «Մյուս պատճառն էլ այն է, որ եթե մենք բավարարենք այդ պահանջը, մյուս համայնքները եւս կուզենան, որ իրենց սպասարկի 100 դրամ արժողությամբ ավտոբուսային երթուղին: Այդ դեպքում այն կսկսի գերծանրաբեռնված աշխատել»,-ասաց նա:

Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներն արդեն մի քանի ամիս է փակում են միջմարզային ճանապարհն ու նամակ-պահանջներով դիմում տարբեր գերատեսչություններ` հարակից Խաչփառ գյուղը սպասարկող 35 համարի ավտոբուսային երթուղին Հայանիստ տեղափոխելու հույսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս