«Ցանկացած փաթեթային լուծում ենթադրում է փուլային լուծում». Շավարշ Քոչարյան
Ապրիլյան քառօրյա պատերազմը, բնականաբար, չէր կարող չազդել նոր Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում շեշտադրումների վրա: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի հարցին, թե արդյոք ապրիլյան դեպքերից հետո նոր ձևակերպումներ, նոր շեշտադրումներ եղե՞լ են Ղարաբաղյան հարցում:
Ըստ Շ.Քոչարյանի` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններ եղան, որոնք դեռ կյանքի չեն կոչվել, և հարցական է` արդյոք կյանքի կկոչվե՞ն, թե՞ ոչ: Նա նշեց, որ ապրիլյան դեպքերը կրկնությունը բացառելու համար այդ համաձայնություններից մեկը հետաքննությունների մեխանիզմի ներդրումն է, որպեսզի համանախագահների հայտարարությունները չլինեն անհասցե, նաև՝ ԵՄ անձնական ներկայացուցչի թիմի ավելացումը. «Եթե դա ապահովված չի, միամիտ կլինի բուն բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալել: Մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որ ցանկացած պարագայում կարող է իր միջազգային պարտավորությունները ոտնահարել: Մենք դա գիտեինք, բայց հիմա բոլորն իմացան, որովհետև 94 թ. զինադադարի պամանագիրը միջազգային պարտավորություն է:
Քննարկվում էր, թե ճի՞շտ էր, թե՞ ոչ, որ Հայաստանը ստորագրեց այդ փաստաթուղթը: Դա վերջին պահին Ադրբեջանի պահանջն էր, որ փոխանցեց Կազիմիրովը, բայց քանի որ ՀՀ-ն միջազգային սուբյեկտ է, փաստաթուղթն էլ դարձնում է միջազգային»:
Ըստ Շ.Քոչարյանի` ցանկացած փաթեթային լուծում ենթադրում է փուլային լուծում, բայց քանի որ գործ ունենք միջազգային պարտավորությունները խախտող սուբյեկտի հետ, որ կարող է այն պահին, հենց առավելության հասնի, հետ կանգնել, մենք պետք է հաշվի առնենք դա, և կարող է առաջնությունների հերթականությունների փոփոխություն լինել: