
Ծխելը ՄԻԱՎ-ախտահարվածներին ավելի արագ է սպանում, քան վիրուսն ինքը

Ծխելը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարված մարդկանց կյանքը շատ ավելի է կրճատում, քան դա անում է իմունային անբավարարության վիրուսն ինքը: Դա պարզել են գիտնականները, որոնք ԱՄՆ-ում դիտարկել են մի քանի հարյուր հիվանդների կյանքը եւ իրենց եզրակացությունները հրապարակել Journal of Infectious Diseases-ում:
«ՄԻԱՎ-ով վարակված մարդը, որը մշտապես հակառետրովիրուսային պատրաստուկներ է ընդունում եւ ըստ որում ծխող է, ամենայն հավանականությամբ, կմահանա հենց ծխելուց եւ դրա հետ կապված հիվանդություններից, այլ ոչ թե բուն ՄԻԱՎ-ից: Այս ամենի մեջ լավ նորությունն այն է, որ ծխելուց հրաժարումն զգալիորեն կերկարացնի նման հիվանդների կյանքը, եւ ծխախոտը թողնելը տվյալ դեպքում երբեք ուշ չի լինում»,- պատմել է Քրիշնա Ռեդին Հարվարդի համալսարանից (ԱՄՆ):
Ռեդին եւ նրա գործընկերները նման եզրակացության են հանգել մեծ թվով ՄԻԱՎ-ախտահարվածների առողջության դիտարկման ընթացքում եւ վարակի զարգացման համակարգչային մոդելի օգնությամբ, որը հաշվի է առնում օրգանիզմում վիրուսի բազմացման բոլոր հետեւանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: