Աշխատում են իներցիան, լոբբինգը և գերատեսչական շահերը

ԱԺ-ում այս շաբաթ ընթանում են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները, որոնք բուռն անվանել չի կարելի, միայն մերթընդմերթ ակտիվություն է նկատվում։ Վարչապետ Կարեն Կարապետյանի բնորոշած «կոշտ բյուջեի» նախագծով նախատեսվում է 2016-ի համեմատ ծախսերը կրճատել 13 մլրդ դրամով։ Շա՞տ է սա, թե՞ քիչ` դժվար է ասել։ Առավել կարևոր հարց է` որքանո՞վ են այդ ծախսերն արդյունավետ։

Թեև Կարեն Կարապետյանն օպտիմալացման հրահանգ է իջեցրել, և ՊՈԱԿ-ները կրճատման համար հերթ են կանգնել, այնուամենայնիվ, հաջորդ տարվա բյուջեն փաստում է, որ պետական կառավարման համակարգում «կացնային» փոփոխություններ չեն արվելու, գերատեսչությունների ուռճացված աշխատակազմերը, որոնք շատ ժամանակ հենց ղեկավարների ուստրերից ու դուստրերից են կազմված, տաքուկ գրասենյակներում շարունակելու են «սրճախմությունը» և վայելելու են պետական աշխատակցին տրվող արտոնությունները։ Վերջերս կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը բավականին աշխուժություն առաջացրեց. խոսքն արտգործնախարարի տեղակալի համար բջջային հեռախոսի տրամադրման մասին է։

Այն, որ ԱԳՆ-ում կապի խնդիրը կարևոր է, հատկապես` արտերկրներում հանդիպումների ու քննարկումների ժամանակ ղեկավարների հետ տարբեր հարցեր համաձայնեցնելու առումով, ընդունելի է։ Սակայն հետաքրքիր է, թե այլ գերատեսչություններից որո՞նք են հարկատուների հաշվին օգտվում հեռախոսներից։

ԱԺ-ում բյուջետային քննարկումները բացահայտեցին, որ, օրինակ, ԿԲ-ում կա 37 բջջային հեռախոս, որոնց համար բյուջեից տարեկան վճարվում է ավելի քան 6 մլն դրամ։ Ընդ որում, օրեցօր էժանացող բջջային կապի այս ժամանակաշրջանում, հեռախոսներից մեկի ամսական վարձը 30 000 դրամ է, վեց հեռախոսների համար ամսական վճարում են 20 հազարական դրամ, իսկ 30 հեռախոսի համար` 12 հազարական դրամ։

Կրկնենք, որ խոսքը ոչ թե կառավարական կամ միջազգային հեռախոսակապի, այլ սովորական բջջային կապի մասին է։ Առաջին հայացքից գուցե կարող է թվալ, թե այնքան էլ մեծ գումար չէ, բայց սա ընդամենը մի փոքր օրինակ է, և այսպիսի տարբեր մի քանի միլիոնների ծախսերը գումարելիս պատկառելի թիվ կստանանք։ Բնական հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է ԿԲ 37 աշխատակիցներ բջջային հեռախոսներով խոսեն հարկատուների հաշվին։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ են այդ հեռախոսների վարձերը բյուջեից վճարվում, պատասխանեց, որ ԿԲ-ից տեղյակ չէ, բայց յուրաքանչյուր կառույցում կա աշխատանքի պայմանների փաթեթ, որ աշխատակիցները միայն աշխատավարձ չեն ստանում, այլ նաև, ինչպես միջազգային կառույցներում է ընդունված, ստանում են սոցիալական փաթեթ` ապահովագրություն, լրացուցիչ օժանդակությունների համակարգ։

Նա օրինակ բերեց, որ միջազգային որոշ կառույցներ կան, որոնք վճարում են անգամ երեխաների ուսման վարձը, մյուսները` ոչ.

«Այնպես որ, փաթեթ է, միայն աշխատավարձի մակարդակը չէ։ Իսկ պետական համակարգում պետք է դուրս գանք յուրաքանչյուր ծախսի արդյունավետությունից։ Պարզ գաղափարախոսություն կա, այնպիսի պաշտոններ կան, որ աշխատանքային բերումով պարտավոր են կապ հաստատել ՀՀ կառավարության գլխամասերի հետ։ Ու ակնհայտ է, որ, եթե այդ մարդը ծառայություն է մատուցում, իր գրպանից չպետք է վճարի այդ գումարները։

Դա վերաբերում է հատկապես ԱԳՆ ծառայողներին, որոնք տարբեր հարթակներում տարբեր քննարկումների ժամանակ կարևորագույն հարցերը Երևանի հետ համաձայնեցնելու համար ստիպված են լինում ևս մեկ անգամ խորհրդակցել, մոտեցումներն ու տակտիկաները քննարկել»։ «Պետք է խանդով չմոտենանք այն ծախսերին, որ արդյունավետ են։ Եթե որևիցե ծախս որևիցե չինովնիկի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնում է, պարտավոր ենք անել։ Անկեղծորեն` եթե այդ ծախսը թողնենք աշխատողի վրա, օրինակ, նա ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ, գնում է արտասահման, պետք է շատ կարևոր հարցով խորհրդակցի, իսկ ռոումինգի գումարը կարող է 100-150 հազար լինել, այսինքն` ստիպված է լինելու իր գրպանի՞ց տալ»,- ասաց Վ.Արամյանը։ Նա վստահեցրեց, որ կոնկրետ Ֆինանսների նախարարությունը չունի գեթ մեկ ծառայողական բջջային հեռախոս, անգամ ինքը` նախարարը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեր հարցին` արդյոք արդարացվա՞ծ է կառավարությունում հեռախոսների տրամադրումն ու սպասարկումը, պատասխանեց. «Ոչ միայն արդարացված չեն, այլ սա կոչվում է` խնջույք` ժանտախտի ժամին։ ԿԲ-ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում` մինչև մի քանի հազար դոլար։ Դա քիչ է, 31 հատ ծառայողական մեքենաներ ունեն։

Ինչի՞ համար, այդքան բենզին, այդքան վառելիք, այդքան անվադողեր, տեխզննում, սպասարկում և այլն։ Այլանդակություն է սա։ 20 հազար դոլարի թերթ ու ամսագիր են գրում, ոչ մեկը չի կարող դա հիմնավորել։ Սա անամոթություն է, լկտիություն, այս նեղ վիճակում, այս սուղ բյուջեի ժամանակ, այս պատերազմական վիճակում, այս սոցիալական աղքատության վիճակում, երբ 1 մլն մարդ չոր հացի խնդիր ունի, դրել են ամենաբարձր աշխատավարձերն ու ամենաբարձր կից ծառայությունները։ Քիչ է մնում իրենց ընդմիջումն ու հագուստն էլ բյուջեի հաշվին կազմակերպեն»։ Ա.Մանուկյանը բացառեց, որ ԿԲ-ի աշխատակիցները խնդիր ունեն միջազգային շատ հեռախոսազանգեր կատարելու։ Ըստ նրա` պարզապես ԿԲ բոլոր ծախսերն են ուռճացված։ «120 հազար դոլար ներկայացուցչական ծախս են անում, նշանակում է` 3 օրը մեկ 1000 դոլար ծախսում են։ Ինչի՞ վրա, ընդունելություննե՞ր են անում, նվերնե՞ր են գնում։ Էս սոված երկրում, էս աղքատ երկրում ժանտախտի ժամին նստել` քեֆ են անում,- ասաց Ա.Մանուկյանն ու շարունակեց,-

Ես ամենևին սոցիալիստական խնդիր չեմ բարձրացնում, հավասարություն չեմ ուզում, ԿԲ-ն պետք է շատ բարձր ստանա, սպասարկումը լինի նորմալ, բայց ընդհանուր դաշտն աղետալի է, ու այս աղետալի վիճակում ընդամենը 80 000 արտադրող ունենք, որոնք բարիք են ստեղծում, բյուջեն փող է գնում, ու այդքանով պահում ենք տասն անգամ ավելի ուտող բերան` թոշակառու, երեխաներ, բանակ, ընդհանուր մոտ 1 մլն մարդ է։ Այս համակարգը պայթելու է, և չի արվում ոչ մի քայլ, որ դրա դեմն առնի։ Կառավարության ռեֆորմները բլեֆ են»։ Նրա դիտարկմամբ` նույն անարդյունավետությունը բոլոր տեղերում է. «Նույն ծախսերն անում են ԱԺ-ն, կառավարությունը, մարզպետարանները, նախագահական ապարատը։ Նույն շքեղության մեջ ապրում են բոլոր նրանք, ովքեր բյուջեի վրա նստած են»։

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանի կարծիքով` արդյունավետության տեսակետից բյուջետային պլանավորումն ունի լուրջ թերություններ, և երկրի այս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում բջջային հեռախոսների նման ծախսն ուղղակի շռայլություն է։ Ըստ նրա` եթե գործընթացը ծրագրային բյուջետավորման հենքի վրա կատարվի, այսինքն` արդյունքային ցուցանիշները ներկայացվեն, և իսկապես քաղաքական քննարկումներ տեղի ունենան, այս պարագայում գուցե կարելի լինի խոսել որոշակի դրական կամ բացասական միտումների մասին։ «Այսօրվա դրությամբ, իհարկե, աշխատում է իներցիան, աշխատում են գերատեսչական շահերը, աշխատում է որոշակի լոբբինգը»,- ասաց Ա.Եղիազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս