Ինչպես են իրենց դրսևորել խոշոր հարկատուները (ամփոփ վերլուծություն)
Հանրապետության 1000 խոշորագույն հարկատուները միասին 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 525 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 515.4 մլրդի դիմաց։
Փաստորեն, 1000 խոշորները հարկերն ավելացրել են 9.5 մլրդ դրամով կամ 1.85%-ով։
Հարկ է նշել, որ նույն ժամանակահատվածում պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտները աճել են ընդամենը 0.02%-ով կամ 200 մլն դրամով (2016թ. առաջին 9 ամիսներին հարկային եկամուտները կազմել են 787.5 մլրդ դրամ)։
Սա նշանակում է, որ բյուջեի կատարման հիմնական բեռն ընկել է հենց խոշոր հարկ վճարողների ուսերին։
Ընդհանուր առմամբ, 100 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում ընդհանուր հարկերի 2/3-ը։ Իսկ միայն առաջին 100 տեղերը զբաղեցնող հարկատուները (այդ թվում՝ Գազպրոմ-Արմենիա, Գրանդ-Տոբակո և այլն) ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի կեսը՝ շուրջ 393 մլրդ դրամ։
1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծ մասը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից (392.8 մլրդ դրամ)։ Մաքսային մարմինները հավաքել են 132.1 մլրդ դրամ։
Ընդ որում, հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերը հաշվետու ժամանակահատվածում աճել են 23.4 մլրդ դրամով կամ 6.3%-ով, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերը՝ նվազել 13.9 մլրդ դրամով կամ 9.5%-ով։
Ինչ վերաբերում է առանձին հարկատեսակներին, ապա տեսակարար կշռով շարունակում են գերակշռել անուղղակի հարկերը։ Այսպես, 2016 թվականի առաջին 9 ամիսներին խոշոր հարկ վճարողներից հավաքագրվել է 264.7 մլրդ դրամ անուղղակի հարկ, որը նրանց վճարած հարկերի կեսից ավելին է (50.4%)։ Ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 38.4% է (201.8 մլրդ դրամ)։
Ընդ որում, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում անուղղակի հարկերի տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 4%-ային կետով։ Պատճառը անուղղակի հարկերի նվազումն է (պայմանավորված հիմնականում ներմուծումից գանձվող ԱԱՀ-ի նվազմամբ) և ուղղակի հարկերի աճը։
Ինչպես տեսնում եք գծապատկերում, 2016թ. հունվար-սեպտեմբերին խոշոր հարկատուների կողմից վճարված անուղղակի հարկերը նվազել են 6.15%-ով (կամ՝ 17.3 մլրդ դրամով), իսկ ուղղակի հարկերն աճել են 16.6%-ով (կամ՝ 28.8 մլրդ դրամով)։