Բանկերը՝ խոշոր հարկատուների ցանկում
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից այսօր հրապարակված խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել ՀՀ տարածքում գործող բոլոր 19 առևտրային բանկերը (Հայէկոնոմբանկին միացած ԲՏԱ-Հայաստան բանկը դեռ առանձին է ներկայացվում հարկային տվյալներում)։
Ինչպես երևում է հարկային տվյալներից, բանկերը բյուջեն լցնելու տեսանկյունից այս տարի ավելի պասիվ են եղել։
Բոլոր 19 բանկերը միասին 2016 թվականի հունվար-սեպտեմբերին վճարել են 31 մլրդ 259.8 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Դա 3.4 մլրդ դրամով կամ 10.9 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Նշենք նաև, որ 19 բանկերից միայն 6-ն են ավելացրել հարկերը, մնացած 13-ը նվազեցրել են։
Հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ խոշորագույն հարկատու բանկը Ամերիաբանկն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 4 մլրդ 374.3 մլն դրամ։ Նրան հաջորդում են ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 3.1 մլրդ դրամ, և ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլը՝ 2 մլրդ 347.6 մլն դրամ։
Իսկ ինչ փոփոխություններ են կրել առանձին բանկերի հարկային ցուցանիշները։
Ինչպես տեսնում եք, տոկոսային առումով ամենաշատը աճել են Մելլաթ բանկի վճարած հարկերը։ Իրանական բանկը հարկերը եռապատկել է (կամ ավելացրել 291 մլն դրամով) և հասցրել 427.5 մլն դրամի։
Բացարձակ առումով, հարկերի ամենազգալի աճը գրանցել է Ինեկոբանկը (+625.4 մլն դրամ)։ Տոկոսային աճի առումով Ինեկոբանկը երկրորդն է (36.8%):
Հարկերի նվազման առումով (թե տոկոսային, թե բացարձակ արժեքով) առանձնանում է HSBC Հայաստան բանկը։ Այս բանկը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 2 մլրդ 909 մլն դրամի հարկեր, որը 45.7%-ով կամ ավելի քան 1.3 մլրդ դրամով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։