Արմեն Ալավերդյանն ազատվել է աշխատանքից
168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
ՊԵԿ պաշտոնական կայքում Ալավերդյանի անունը դեռ նշված է՝ որպես ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, սակայն պաշտոնական հաղորդագրությունից հետո կայքի տեղեկությունը ամենայն հավանականությամբ կթարմացվի։
Նշենք, որ Արմեն Ալավերդյանը հարկային համակարգի թերևս ամենահնաբնակ պաշտոնյան է։ Նա ՀՀ հարկային պետական տեսչությունում աշխատանքի է անցել դեռևս 1991 թվականին։ Այդ ժամանակից ի վեր, Ալավերդյանը հարկային համակարգում միշտ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ 1995-1999 թթ.՝ ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալ, 1999-2000 թթ. ՀՀ պետական եկամուտների փոխնախարար, 2000-2008 թթ.` ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ, 2008-2012 թթ.` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, 2012 -2014թթ.` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, 2014-2016թթ.` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:
2016 թվականի մարտի 23-ին նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ։
Նշենք նաև, որ մեր տեղեկություններով, ՊԵԿ փոխնախագահի պաշտոնում Արմեն Ալավերդյանին կփոխարինի ՊԵԿ նախագահի խորհրդական Կարեն Բրուտյանը։