«Ինչի՞ համար կրկնօրինակենք նմանօրինակ ծախսերը»
«Ես խոսել եմ ֆինանսների նախարարության տրամադրության տակ եղած ուսումնական կենտրոնի մասին»,- այսօր Ազգային ժողովում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պարզաբանելով իր այն հայտարարությունը, թե Ֆինանսների նախարարությունն այլևս չի ֆինանսավորելու Դիլիջանի ուսումնական կենտրոնին: Նախարարը նշեց, որ ինքը նկատի չի ունեցել Դիլիջանի ուսումնական կենտրոնը, այլ այն ուսումնական հաստատությունը, որը գտնվում է իրենց տրամադրության տակ:
Դիտարկմանը, թե՝ Դուք ասել եք, որ, եթե ծախսերն անարդյունավետ են, չպետք է թույլ տալ անարդյունավետ ծախսեր, այսինքն՝ այդտեղ է՞լ եք տեսել անարդյունավետ ծախսեր և շքեղություն, Վ. Արամյանն այսպես պատասխանեց. «Ես որակումներ չեմ տալիս: Ես կարծում եմ, որ միգուցե այնտեղ տնային աշխատանք ունենք անելու, որովհետև ուսումնական կենտրոնն այսօր պլատֆորմ է, որպեսզի մենք անենք կարճաժամկետ վերապատրաստումներ և ուսուցումներ: Ովքե՞ր են թիրախային խմբերը, ես կարծում եմ՝ հիմնականում դրանք աուդիտորներն են, գնումների ոլորտի մասնագետներն են: Մենք այս ուսումնական կենտրոնի համար տալիս ենք նաև պահպանման ծախսեր, կարո՞ղ ենք նույն ծառայությունն ապահովել՝ խնայելով այդ պահպանման ծախսերը, որովհետև մենք այսօրվա դրությամբ ունենք բազում ուսումնական կենտրոններ, հաստատություններ: Ինչի՞ համար կրկնօրինակենք նմանօրինակ ծախսերը, որովհետև նրանք ոչ այլ ինչ են անում, քան կազմակերպում են այդ ուսումը»:
Վ. Արամյանը կարծում է, որ իրենք կարող են մրցույթ հայտարարել, որին կարող են մասնակցել բոլոր ուսումնական հաստատությունները. «Կասենք, որ ցանկությունն այն է, որ մեկշաբաթյա, երկուշաբաթյա վերապատրաստումներ լինեն գնումների մասնագետների համար, կտանք ցանկը, պահանջները, կօժանդակենք նաև մրցակցությանն ուսումնական հաստատությունների միջև, դա շատ ավելի ճիշտ է, քան՝ մենք լրացուցիչ պահպանման ծախսեր տանք այն մի պլատֆորմին»: Նա հայտնեց, որ շուրջ հարյուր միլիոնից ավելի տրվում էր այդ ուսումնական կենտրոնի համար: