Որոշ փոքր հէկ-եր կհայտնվեն փակվելու սպառնալիքի առջև

Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների ու Բնական պաշարների նախարարներին հանձնարարեց՝ համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ու առաջարկություններ:

ԱԺ պատգամավոր, «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է ջրի պոտենցիալը ճիշտ օգտագործել` հիդրոէներգետիկ արտադրությամբ երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու համար: Ըստ նրա` դա չպետք է խանգարի գետերի սանիտարական հոսքին, և պետք է ուղղված լինի ընդամենն այդ պոտենցիալը Հայաստանում ճիշտ օգտագործելու նպատակին:

«Հայաստանում հիմնականում բոլոր ՓՀԷԿ-երը զինված են ոչ բարձր օգտակար գործողության գործակից (ՕԳԳ) ունեցող սարքավորումներով: Եվ այստեղ մենք խնդիր ունենք, որ ունենք ջրի պոտենցիալ, որն օգտագործում ենք փոքր ՕԳԳ-ով և քիչ արդյունք ենք ստանում: Այդ դեպքում, իհարկե, մեծ ներդրումներ կպահանջվեն, սակայն փոքր հէկ-երի սեփականատերերն ի վիճակի չեն մեծ ներդրումներ անելու: Օրինակ` գործում է գերմանական KFW–ի ծրագիրը, որը շատ արդյունավետ է, որտեղ վարկային տոկոսադրույքը կազմում էր դրամով՝ 10%, որը շատ շահավետ էր փոքր հէկ-երի համար, և շատ փոքր հէկ-եր կառուցվել են այդ հիմնադրամից ստացած վարկերի հաշվին: Այս փորձը կարելի է հաշվի առնել, որոշել մեր նպատակը, այդ դեպքում արդյունքը կլինի»:

Դիտարկմանը, որ ստացվում է՝ որոշ  փոքր հէկ-եր կհայտնվեն փակվելու սպառնալիքի առջև, Հ.Հակոբյանը պատասխանեց. «Դե, եթե չեն կարողանում օգտակար աշխատել, իսկ ինչո՞ւ չէ՝ որ»:

Մեր հարցին, թե ի՞նչ կապ ուներ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի այցը Հայաստան՝ դրան հետևած վարչապետի այս հանձնարարականի հետ, Հ.Հակոբյանը պատասխանեց. «Եթե դուք որևէ կապ էլ եք ման գալիս, ապա ես կասեմ, որ այդ կապը կլինի՝ ի օգուտ Հայաստանի, որովհետև հիդրոէներգետիկ պոտենցիալը ճիշտ օգտագործելով հանդերձ՝ մենք գազի սպառումը մեր երկրում կպակասեցնենք, քիչ փող կարտահանենք գազի համար և մեր էներգետիկ անկախությունը կավելացնենք»:

Տեսանյութեր

Լրահոս