Բաժիններ՝

Երևանում կկայանան Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգները

Ռուսաստանի դաշնության և Հայաստանի Մշակույթի նախարարությունները Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գե­ղարվես­տա­կան ղե­կա­վար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ «Հիշիր այս պահը» միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացնում են  ազգությամբ հայ հանրաճանաչ երգահան Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված երկու համերգ:

Այս մասին այսօր հայտնի դարձավ Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին ՌՍՖՍՀ ժողովրդական երգիչ, հայազգի Միքայել Թարիվերդիևի այրին՝ Վերա Թարիվերդիևան, դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը, դիրիժոր  Ռուբեն Ասատրյանը և Մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ երգահան Միքայել Թարիվերդիևի հոբելյանական համերգներն անցկացվել են աշխարհի տարբեր երկրներում, և,  անշուշտ, չէինք կարող բաց թողնել այստեղ՝ Հայաստանում, Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ այն նշելու գեղեցիկ առիթը, ինչի համար մենք առանձնահատուկ կերպով երջանիկ ենք: Թեև սա  մեր առաջին համատեղ համերգը չէ՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի  հետ, և սրանից առաջ էլ համագործակցել էինք Երիտասարդական նվագախմբի հետ, բայց այսօր, փորձի հենց առաջին նոտաներից մենք հասկացանք, որ գործ ունենք ազնվազարմ նվագախմբի հետ: Շնորհակալ ենք ՀՀ  և ՌԴ Մշակույթի նախարարություններին՝ «Հիշիր այս պահը» միջազգային փառատոնի կազմակերպման աշխատանքների իրականացման և աջակցման համար, որի մի մասնիկն է այսօրվա և առաջիկա համերգները»,- նկատում է Միքայել Թարիվերդիևի այրին՝ Վերա Թարիվերդիևան:

Այսօր  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Յո երթաս» խորագրով երգեհոնային երաժշտության համերգը: Ծրագրում կներկայացվեն Մուսորգսկու, Պրոկոֆևի, Ստրավինսկու, Թարիվերդիևի և Չայկովսկու ստեղծագործություններից: Որպես մենակատար՝ կներկայանա Լադա Լաբզինան (Ռուսաստան), ում կողմից էլ կատարվել են ներկայացվելիք ստեղծագործությունների փոխադրումները երգեհոնի համար: Երեկոն կվարի կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան:

Կարդացեք նաև

«Մենք Հայաստան ենք այցելել անմիջապես Թբիլիսիից, որտեղ ծնվել է երգահանը, և հիմա մեր սիրելի համերգասրահում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում, իսկ Արամ Խաչատրյանը Միքայել Թարիվերդիևի ուսուցիչն էր,  պատրաստվում ենք առաջիկա համերգին: Մենք ուրախ ենք, որ  մեզ հետ միասին համերգին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հիանալի երաժիշտներ՝  Մերիդիան վոկալ տրիոն (Նադեժդա Լուկաշևիչը, Նիկոլայ Սմետանինը, Ալեքսեյ Պոդշիվալովը), Թեհմինե Զարյանը (սոպրանո), դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը և այլք»,- ներկայացնում է Վերա Թարիվերդիևան:

«Այստեղ գալու պահից ի վեր մենք զգում ենք  ակադեմիական երաժշտության ավանդական շունչը Երևանում: Միքայել Թարիվերդիևը, կարծում եմ, առանցքային նշանակություն ունի երաժշտական կյանքում՝ նրա ձայնը մինչ օրս մեծ ազդեցություն է թողնում մարդկանց հոգիներում, չէ՞ որ մենք ականատեսն ենք՝ ի՞նչ է կատարվում այս համերգների ընթացքում՝ ժպիտներից մինչև արցունք հանդիսատեսը խորապես ընկալում է նրա երաժշտությունը:  Ես անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց և ընկերություններին, որոնք աջակցել են այս գեղեցիկ համերգային ծրագրի իրականացմանը»,- ասաց  դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը:

«Մշակույթի նախարարությունը մշտապես աջակցել և աջակցում է  նմանատիպ ծրագրերին, բայց այստեղ մեր մոտեցումը մի փոքր այլ էր՝ ելնելով այն սկզբունքից, թե ո՞ր արվեստագետի, և ո՞ր երաժշտի մասին է խոսքը: Միքայել Թարիվերդիևի երաժշտությանը Երևանում  և առհասարակ Հայստանում ներկայացնելու մոտեցումը Մշակույթի նախարարության մոտ նոր չէ, Միքայել Թարիվերդիև բարեգործական ֆոնդի հետ մենք բավական վաղուց ենք աշխատում: Երբ առաջին անգամ հնչեց նախաձեռնություն՝ իրականացնելու ծրագիր նվիրված  Թարիվերդիևին, մենք ոչ միայն հաճույքով համաձայնեցինք, այլև առաջարկեցինք, որպեսզի այդ գաղափարը Հայաստանում մշտապես  ի կատար արվի: Մեր կողմից նախապես բարձրացվել և քննարկվել է Միքայել Թարիվերդիևի 85-ամյա հոբելյանը համերգների տեսքով  Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը, ինչի իրականացման համար մենք ուրախ ենք»,- եզրափակեց ասուլիսը Մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանը:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված երկրորդ հոբելյանական համերգը,  իսկ  նոյեմբերի 2-ին և 4-ին,  Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակմանը,  կներկայացնի Ջուզեպե  Վերդիի «Ռիգոլետո» օպերայի թատերականացված համերգային կատարումները:

Փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա նոյեմբերի 2-ին, որին  կմասնակցեն հայտնի մեներգիչներ, ինչպես նաև Արական երգչախումբը: Հատուկ հյուրերն են՝ Ջանպիերո Ռուջերին, բարիտոն (Իտալիա, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Նախագծի իրականացմանն աջակցում են Ռոսկոնցերտ համերգա-հյուրախաղային միությունը և Միքայել Թարիվերդիև բարեգործական ֆոնդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս