
Եվրամիությունը Վրաստանին 30 մլն եվրո կհատկացնի կառավարման ոլորտի բարեփոխումների նպատակով

Եվրամիությունը Վրաստանին հատուկ դրամաշնորհ կհատկացնի 30 միլիոն եվրոյի չափով, Վրաստանի կառավարության այսօր կայացած նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Նրա խոսքով՝ այդ մասին մանրամասն կներկայացվի վաղը կայանալիք ճեպազրույցում, որին կմասնակցի ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Իրականացվում է շատ կարևոր համաձայնագիր՝ դա ԵՄ-ի դրամաշնորհն է 30 միլիոն եվրոյի չափով։ Դա հատուկ դրամաշնորհ է, որը տրվում է կառավարման ոլորտի բարեփոխումների համար։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարևոր է Վրաստանում ձևավորել եվրոպական տիպի կառավարման ինստիտուտներ։
Մենք, բնականաբար, պետք է շատ ջանքեր գործադրենք, որպեսզի ճիշտ իրականացնենք պարտավորությունները, որոնք նախատեսված են Ասոցացման համաձայնագրով»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։