Բաժիններ՝

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և H&M-ը երեխայի ուղեղի զարգացումը խթանելու նոր թվային ինտերակտիվ գործիք են ստեղծել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոկտեմբերի 25-ին հայտարարեց նոր թվային գործիքի մեկնարկը, որը ինտերակտիվ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է երեխայի ուղեղը զարգանում վաղ մանկության շրջանում խաղերի և խաղալու արդյունքում: ՅՈՒՆԻ-ՖՈՐՄ անունը կրող ինտերակտիվ բաճկոնը ստեղծվել է H&M հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից վաղ մանկության զարգացումը խթանելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ՅՈՒՆԻ-ՖՈՐՄ-ը (www.theuniform.org) գործիք է, որը փորձում է նեյրո-գիտությունը տեսանելի կերպով ներկայացնել ծնողներին, ցույց տալ, թե ինչպես է երեխաների ուղեղը զարգանում վաղ մանկության շրջանում մինչև հինգ տարեկան: Այն նաև ընտանիքներին հուշում է, թե ինչ տեսակի նորարական խաղեր կարելի է խաղալ, որ համապատասխանեն երեխայի տարիքին և դրական կերպով ազդեն նրա ուղեղի զարգացման վրա:

Բաճկոնը ցուցադրում է տարբեր իմացական խաղեր, որոնք նպաստում են երեխայի ուղեղի զարգացմանը: Ընդգրկված խաղերը բաժանված են ըստ երեխայի տարիքային խմբերի և հիմնված են վաղ մանկության զարգացման թեմայով ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների վրա:

«Վաղ մանկության տարիքը երեխայի ապագան սահմանելու հնարավորությունների պատուհան է հանդիսանում: ՅՈՒՆԻ-ՖՈՐՄ-ը խորհրդանիշ է, որի միջոցով մենք ցանկանում ենք բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը այն փաստի շուրջ, որ երբ երեխաների ուղեղը համապատասխան խթան է ստանում վաղ մանկության հասակում, դա ազդում է դպրոցում նրանց առաջադիմության վրա: Այն նաև նպաստում է, որ երեխաները հասուն տարիքում ավելի բարձր վաստակեն և ավելի ամուր առողջություն ունենան, քան այն երեխաները, ովքեր այդ խթանի հնարավորությունը չեն ստանում վաղ տարիքում»,- հայտնեց H&M հիմնադրամի համաշխարհային ղեկավար Դիանա Ամինին:

«Երեխաները, ովքեր վաղ մանկության շրջանում ստանում են սեր, պատշաճ սնուցում և պաշտպանություն խթանիչ միջավայրում, դառնում են դիմակայուն, սովորում են ավելի արդյունավետ կերպով և հասուն տարիքում կարողանում են իրենց ներդրումն ունենալ ամուր, պահով հասարակություն և տնտեսություն կերտելու գործում»,- ասաց ՅՈՒՆԻՍՖ-ի՝ վաղ մանկության զարգացման գծով ղեկավար Փիա Բրիտոն. «Մենք հպարտ ենք ներկայացնելու այս ինտերակտիվ գործիքը, որը կնպաստի վաղ տարիքի երեխաների զարգացմանն անհրաժեշտ բազմաբովանդակ միջավայր ապահովելու հարցում»:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հինգ տարեկանից ցածր ավելի քան 249 մլն երեխա թերի զարգացման ռիսկային գոտում են գտնվում ծայրահեղ աղքատության և թերսնուցման պատճառով:

Երեխայի կյանքի առաջին պահերը ԴՆԹ-ին հավասարազոր կերպով ազդում են նրա ուղեղի հետագա զարգացման ընթացքի վրա, քանի որ սա այն շրջանն է, երբ նյարդային միացումները գոյանում են բացառիկ 1,000-ը մեկ վարկյանում արագությամբ, որը ձևավորում է նրանց իմացական, սոցիալական և զգացմունքային զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս