Բաժիններ՝

Քրիստոֆեր Մառլոն ճանաչվել է Շեքսպիրի համահեղինակը

Բրիտանացի գրող Քրիստոֆեր Մառլոն ճանաչվել է Շեքսպիրի «Հենրիխ 6-րդ» պատմական ժամանակագրության համահեղինակը: Երկու դրամատուրգների ազգանունները կհայտնվեն ակադեմիական հրատարակության տիտղոսաթերթին, որը հրապարակման է պատրաստում Օքսֆորդի համալսարանը: Այդ մասին հոկտեմբերի 23-ին գրել է The Guardian-ը:

Այս եզրակացությունն արել է հինգ երկրներից 23 գիտնականների խումբը: Ուսումնասիրություն անցկացնելով համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ նրանք հաստատել են, որ ժամանակագրության բոլոր երեք մասերը երկու հեղինակների համատեղ աշխատանքի պտուղն են: Եվ սա Շեքսպիրի ամենեւին էլ միակ ստեղծագործությունը չէ, որի հեղինակությունն այժմ հարցականի տակ է դրված: Ինչպես հաստատում են հետազոտողները, 44 պիեսներից 17-ը, որոնք առաջ վերագրվում էին Շեքսպիրին, կարող էին գրված լինել այլ գրողների համահեղինակությամբ:

Քրիստոֆեր Մառլոն 16-րդ դարի անգլիացի բանաստեղծ է եւ դրամատուրգ, Շեքսպիրի ժամանակակիցն ու մրցակիցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս