«Պետք է կրճատել պետական ապարատում աշխատող մարդկանց քանակը». Հակոբ Հակոբյան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը փորձեց իր և պատգամավորների համար «բացահայտել» կառավարության ծրագրի նպատակներից մի քանիսը։
Պատգամավորը նախ՝ շնորհակալություն հայտնեց վարչապետին, որ «չպարտադրեց» 500 էջ կարդալ, և թույլ տվեց «խորասուզվել» 33 էջի մեջ։ ըստ Հ. Հակոբյանի՝ ծրագիրը շատ կարճ է ստացվել, որովհետև ծրագրում դրված նպատակները շատ խորն են։
Պատգամավորի խոսքով՝ եթե ուզում ես առողջ հասարակություն ունենալ և փող չծախսել դեղերի վրա, ապա պետք է ունենալ առողջ քաղաքացու ապրելակերպ.
«Եթե ուզում ես՝ պատասխանատու, խելացի, բանիմաց քաղաքացի ունենալ, ապա պետք է փողը ծախսես կրթության վրա, և ոչ թե՝ վաղվա քաղաքացու անգործության և «բանչիմացության» վրա։ Եթե ուզում ես պատերազմ չլինի, և դու միշտ հաղթսող լինես, ապա պետք է փող ծախսես ուժեղ բանակ ունենալու վրա։ Եթե ուզում ես անկախ պետություն լինել ու քո հարևանների ու աշխարհի ուժեղների հետ շփվել, ապա դու պետք է բոլորի հետ շփվես»։
Խոսելով «հասարակության չարիքի»՝ աղքատության վերացման մասին, պատգամավորը մի քանի քայլ մատնանշեց.
«Առաջինը՝ կրճատել պետական ապարատում աշխատող մարդկանց քանակը։ Պատկերացրեք մի պետություն, որի երկու ձեռքը ձախ կողմում է, աջը ոչինչ չունի, հիմա հարկավոր է այս պետության երկու ձեռքերը դնել իրենց տեղերում, որպեսզի ֆունկցիոնալ գործեն։ Հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, քաղաքում ապրող բնակիչը պետք է կրթություն ստանա, որպեսզի կարողանա զբաղվել փոքր և միջին բիզնեսով։ Կառավարության ծրագրի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ պետք է օգտագործել պետության իրական ուժը, օգտագործել քաղաքացու իրական ուժը, եթե չունի, ստեղծել ուժ քաղաքացու մեջ և տալ հնարավորություն, որպեսզի քաղաքացին մասնակցի հավելյալ արժեք ստեղծելուն»։