«Կառավարության ծրագրի պաշտպանական հատվածի հիմքում դրել ենք ազգ-բանակի գաղափարը». Վիգեն Սարգսյան
«Տարածաշրջանում այսօր տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումներն ու հայկական երկու պետությունների առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի անվտանգային միջավայրն ու զինված ուժերի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների։ Ուստի մենք պարտավոր ենք՝ հզորացնելու և զարգացնելու մեր զինված ուժերի պաշտպանական կարողությունները՝ տնտեսական ու ժողովրդագրական ներուժից առաջանցիկ կամ առնվազն այդ ներուժի առավելագույն չափով»,-այսօր ԱԺ-ում արտահերթ ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ այս իրողությունը պահանջում է ունենալ ռազմաքաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումների արդյունավետ կիրառող, հասարակության աջակցությունն ու վստահությունը վայելող պաշտպանության համակարգ. «Այդ նպատակով կառավարության ծրագրի պաշտպանական հատվածի հիմքում դրել ենք ազգ-բանակի գաղափարը և հասանելի ռեսուրսներով՝ առավելագույն արդյունք ռազմավարական սկզբունքը»։
Ազգ-բանակ գաղափարախոսությունն, ըստ պաշտպանության նախարարի, ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշտպանության գործին. «Եվ մեր խնդիրն այս գաղափարախոսությունը ոչ միայն պետական կառավարման հիմքում դնելն է, այլև Հայաստանում և սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու հասցնելը։ Միայն այդ կերպ մենք կարող ենք ներդաշնակ համագործակցության եզրեր գտնել պաշտպանական քաղաքականությունը փոխկապակցված արտաքին, տնտեսական, սոցիալական, հասարակական և գիտական ասպարեզների հետ տեսնելու համար»։
Նախարարի խոսքով՝ ժամանակն է բանակաշինությունից անցում կատարել բոլոր տեսակի ռեսուրսների գնահատման ու կառավարման այնպիսի մշակույթի, որը բանակին թույլ կտա ոչ միայն սպառել, այլ դառնալ տնտեսության և հասարակական կյանքի զարգացման առաջատարը. «Բանակը տնտեսության գիտատար ասպարեզներում կարող է լինել նորարարական մշակումների հարթակ»։